Որակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել
ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է որակազրկվել մինչև 3 խաղով։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Շաբաթ՝ դեկտեմբերի 7-ին, կատալոնացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին «Բետիսի» հետ (2:2) Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում։ Ֆլիկը կարմիր քարտ ստացավ 66-րդ րոպեին՝ մրցավար Ալեխանդրո Մունյոսի հետ վիճաբանելու համար, երբ «կապտանռնագույնների» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց։
Մրցավարը հանդիպման արձանագրությունում նշել է, որ գերմանացի մասնագետը հեռացվել է այն բանի համար, որ «լքել է տեխնիկական գոտին, բղավել և ժեստերով արտահայտվել՝ բողոքելով որոշումներից»։
Լա Լիգայի Կարգապահական կանոնագրքի համաձայն՝ մրցավարի կամ չորրորդ պաշտոնյայի որոշումների դեմ բողոքելը պատժվում է երկու կամ երեք խաղով որակազրկմամբ կամ մինչև մեկ ամսվա ժամկետով։
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն Ֆլիկի պատժի վերաբերյալ որոշում կընդունի հաջորդ շաբաթ։ Եթե «Բարսելոնայի» մարզիչը ստանա առավելագույն որակազրկում, ապա բաց կթողնի տնային խաղերը «Լեգանեսի» (դեկտեմբերի 15) և Մադրիդի «Ատլետիկոյի» (դեկտեմբերի 21) հետ, ինչպես նաև արտագնա հանդիպումը «Խետաֆեի» հետ (հունվարի 19)։
Աղբյուրը՝ Armsport.am: