ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ մտածող է, նորահայտ ուսմունքի հեղինակ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մի տեղական Ադամ Սմիթ կամ Կարլ Մարքս (թող ներեն մեզ տնտեսագետներն ու մարքսիստները): Իրականում, հասկանալի է, ոչ մի նման բան չկա, քանզի փաշինյանական ճառաբանություններում չկա իրական բովանդակություն, իսկ նրա ձևակերպած «գաղափարները» մակերեսային են, հեղհեղուկ, դա դեռ մի կողմ, ավելին՝ ուղղակիորեն կործանարար են: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:
 
Ասում է, թե «աշխարհը մեզ (հայերիս) ընկալում է որպես ազգ-նահատակ»: Փաշինյանը և՛ ստում է, ինչպես միշտ, և՛ ինչ-որ տեղ՝ ոչ: Ստում է, որովհետև աշխարհը տասնամյակներ շարունակ մեզ չի՛ ընկալել որպես «ազգնահատակ»: Ու, որ շատ ավելի կարևոր է, մենք, որպես ազգ, որպես հասարակություն, ինքներս մեզ այդպես չենք ընկալել: Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրա քպականները պարտությամբ հպարտացողներ են ու պարտություն բերողներ: Հասկանում ենք, որ նույն այդ աշխարհը մեզ, ցավոք, ճանաչում է նաև Նիկոլ Փաշինյանով: Այդուամենայնիվ, Փաշինյանի ասածը՝ «ազգ-նահատակ» ընկալվելու մասին, առավել ևս «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, բացահայտ անհեթեթություն է, քանի որ նույնիսկ 1915ից հետո, 1918-ին մեր ազգն իր մեջ ուժ գտավ դիմակայել ու չմեռնել, կռվել ու հաղթել Սարդարապատում:
 
Մեզ ավելի մոտ ժամանակներում, որի ականատեսն ու ժամանակակիցներն ենք շատերս, 1988-91 թվականներին, իսկ որ ավելի էական է՝ 1991-94 թվականներին, ապա և՝ 1994-ից մինչև 2018 թիվը պետականությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու համայն հայությունը երբեք չեն ընկալվել որպես «ազգ-նահատակ» կամ զոհ, մատաղացու և նման մի բան: Հակառակը, հիշեք, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարներն ինչ օտար պետության ղեկավար էին գտնում կամ երբ գնում էին ՄԱԿ ու ԵԽԽՎ, լացուկոծ էին դնում ու «վատ հայերին» մեղադրում, որ ագրեսոր են, օկուպանտ, այս, այն: Ալիևը մի անգամ նույնիսկ յուրայինների մոտ էր նվնվացել, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: «Ազգ-նահատակը», զոհի բարդույթով ապրող ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող Արցախ ազատագրել ու հայրենիք պաշտպանել, չէր կարող հակահարված տալ սպառազինված ու քանակով գերազանցող թշնամուն, չէր կարող տասնամյակներով ամուր պահել ազատագրածն ու հետ նվաճածը:
 
Իսկ, այ, Փաշինյանն ու նրա նմանները ամեն կերպ թշնամու քարոզ էին տանում այդ նույն տարիներին, ամեն կերպ փնովում ու վարկաբեկում էին հաղթողներին, պետությունը ոտքի կանգնեցնողներին, բանակ ստեղծողներին: Ավելին, փորձում էին ներարկել զոհի բարդույթ և այդպես շարունակ: Բայց ամենից վատն այն է, որ 2018-ին, գրավելով իշխանությունը, Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները», «երկիրը հակառակ կողմի վրա շրջելը»: Ու շրջեց. բանակցային գործընթացի տապալում, պատերազմի հրահրում, հրահրած պատերազմի խայտառակ կառավարում, հազարավոր զոհեր, ծանր կորուստներ, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում, թշնամիների սիրաշահում: Ո՞ր մեկը թվարկես, որը՝ ոչ: Այ, այս բոլոր չարաղետ «ձեռքբերումներից» հետո, իսկապես, հնարավոր է, որ աշխարհը հայերին ընկալում է որպես «ազգ-նահատակ», այսինքն՝ մի ազգ կամ անգամ հանրույթ, որին կարելի է կոտորել, նվաստացնել, որից կարելի է խլել տարածքները, տները, գործարանները, կանանց ու երեխաներին. միևնույնն է, ձայն չեն հանի, հանեն էլ՝ Փաշինյանի կարմիրբերետավորները այդ ձայն հանողներին «ժողովրդավարաբար» կհոշոտեն:
 
Այսինքն, եթե Փաշինյանի ասածի մեջ նույնիսկ ճշմարտության հատիկ փնտրենք, ապա դա ոչ թե «ազգ-բանակ» կոնցեպտի հետ է կապված, այլ 2018 թվականի իշխանազավթման: Այո, հիմա Փաշինյանին տեսնելիս կամ հենց Փաշինյանին տեսնելիս է, որ օտար երկրների ղեկավարները կարծում են, թե հայերը «ազգ-նահատակ» են, լլկվելու և վերացվելու ենթակա մի բան: Ամենից վատը, որ նրան տեսնելով ու նրան Հայաստանի ղեկավար տեսնելով՝ թշնամի թուրքն է ժանիքները սրած վրա տալիս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, իր «երևակայությամբ» ու կասկածելի թեզերով առաջնորդվելով, թե բացարձակ ապաշնորհության պատճառով, իրականացրել է մի բան, մի ահավոր ողբերգություն, հազարավոր տարիներ սեփական հողը պահած հայությանը հայրենազրկել է, դարձրել «ազգ-նահատակ», իսկ հիմա դա ուզում է կամ ավելի ճիշտ՝ պրոյեկտում է նախորդող ժամանակաշրջանի վրա:
 
Մանիպուլյացիան հո պոզով-պոչո՞վ չի լինում: Նույն ելույթում Փաշինյանը «ազգ-բանակի» հանգամանքն օգտագործեց ոչ միայն այդ բանաձևը քանդելու փորձ անելով, այլև հերթական անգամ բանակի վրա հարձակվելով: Ասում է, թե՝ լավ, մի բանակից մեր բանակն ուժեղ լինի, երկու բանակից, բա որ պարզվի, որ պետք է նաև երրորդ, չորրորդ ու հինգերորդ բանակներից էլ ուժեղ լինի՞: Հրապարակելի որակում տալը պարզապես անկարելի է: Նախ՝ մեր բանակը պետք է լինի ուժեղ ու մարտունակ: Ու այդպիսին էր: Ու այդ բանակի և նրա՝ Արցախը պահել կարողանալու շնորհիվ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր մինչև 2018 թվականը, այլ ոչ թե՝ օտարների ախորժակի բավարարման համար սեղանի տակ ընկած «օբյեկտ»: Երկրորդը. եթե երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլ բանակներին դիմակայելու խնդիր է ծագում, դա ընդամենը նշանակում է, որ տվյալ բանակի գլուխ կանգնած կառավարիչն ու քաղաքական թիմը բացարձակ զրո են, նույնիսկ զրոյից էլ ցածր են քաղաքական, դիվանագիտական կարողությունների առումներով:
 
Առավել ևս, որ դու ունես չորս հարևան, որից երկուսի հետ ռազմական կոնֆլիկտ չունես, ավելին՝ կարող ես իրապես ռազմավարական գործընկերություն ունենալ: Վերջապես, Փաշինյանի կողմից շարունակ ծեծվող 29800 քառակուսի կմ-ի մասին: Անվերջ ու անդադար իր այդ «թեզը» շեշտադրելով՝ Փաշինյանը նաև նպատակ է հետապնդում Սփյուռքը հնարավորինս օտարել Հայրենիքից, չէ՞ որ Սփյուռքն ակնհայտորեն դուրս է այդ 29800 քկմ-ից: Արժե՞ հիշեցնել, որ Սփյուռքն օտարելը Փաշինյանի սիրելի Թուրքիայի պահանջներից մեկն է: Երկար կարելի է խոսել, բայց հիմնականն այն է, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, ապա մենք իսկապես գտնվում ենք նահատակված ազգ դառնալու իրական սպառնալիքի առաջ, ավելի ճիշտ՝ մեջ:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular