ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, խելացի, նրբանկատ երեխա էր: Երբեք ոչ մեկին չի նեղացրել: 2015 թ.-ին Հայկը 13 տարեկան էր, երբ ամուսինս հանկարծամահ եղավ: Երկու եղբայր շատ ընկճվեցին, բայց երբ ես էի լալիս, Հայկը կանգնում էր իմ առջև ու ասում՝ մա՛մ, մի լացի: Չէր սիրում ինձ նեղված ու ընկճված տեսնել: Շատ կապված էր հայրիկի հետ, բնական է՝ ինձ հետ էլ: Ձեռքս բռնած է քնել, ամեն տեղ հետս գալիս էր: Մեծ տղաս այդպիսին չէր: Հայրիկը քահանա էր, Շիրակի թեմում էր ծառայում, լինում էր այնպես, որ ինքն այնտեղ էր լինում, մենք՝ Երևանում: Հենց հայրիկը տուն էր մտնում, Հայկը կողքից այն կողմ չէր գնում: Երբ հայրիկն ասում էր՝ ո՞վ է ինձ հետ խանութ գալիս, առաջինը Հայկն էր վազում՝ պա՛պ, ես: Երբ ինձ համար նվեր էին գնում, ուրախությունը կարծես կրկնապատկված լիներ՝ մա՛մ, տես, թե ես ու պապան քեզ ինչ նվեր ենք գնել: Սիրում էր ինչ-որ բան նվիրել ինձ ու պարտադիր պետք է հարցներ՝ մա՛մ, ճիշտն ասա, քեզ դո՞ւր է եկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Հայկի մայրիկը:

2019 թ.-ի հուլիսի 25-ին տիկին Մարինեի ավագ որդին է մեկնում ծառայության: «Մինչև Հայկի բանակ զորակոչվելը մեկ տարի երկուսով ենք եղել: Այնքան ուշադիր էր իմ նկատմամբ: Եթե զանգեի իրեն ու ասեի, որ խանութում եմ, տոպրակները ծանր են, կարո՞ղ է գալ, միանգամից արձագանքում էր՝ մա՛մ ջան, հինգ րոպե սպասի, վազելով կգամ: «Չէ, մի վազի, հանգիստ արի, կամ եթե հեռու ես, տուն կգնամ, ոչինչ»: Պարտադրում էր, որ իրեն սպասեմ: Հիմա, երբ ընկերները գալիս են Եռաբլուր, նստում ենք, զրուցում, պատմում են. «Երբ զանգում էիք, ամեն ինչ թողնում էր ու շնչակտուր վազում ձեզ մոտ»»: Դպրոցում Հայկը լավ է սովորել: «Շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները: Իննամյա դպրոցն ավարտելուց հետո մաթեմատիկայի և անգլերենի քննություններ հանձնեց և ընդունվեց «Հերացի» ավագ դպրոց: Մաթեմատիկա շատ էր սիրում, գալիս էր ինձ մոտ, արագ-արագ թվերն ասում՝ դե, գումարի, մա՛մ: Իր արագության հետ չէի հասցնում: «Մամ, ես ասե՞մ պատասխանը»:

Շատ արագ լուծում էր վարժությունները: Տղաներիս միշտ հիշեցնում էի, թե որքան էր իրենց հայրիկն ուզում, որ լավ սովորեն. «Պետք է լավ սովորեք, ընդունվեք համալսարան, որ ձեր հայրիկը հպարտանա ձեզանով»: Եղբայրն անվճար ընդունվեց Երևանի պետական համալսարան: Երբ նա բանակում էր, հերթը Հայկինն էր: Ընկերներն անընդհատ իրեն կանչում էին, ինչ-որ տեղ պետք է գնար, ես էլ մյուս կողմից խնդրում էի լավ պարապել, որ ընդունվի, անգամ կատակում էի՝ որ չընդունվես, խայտառակ ենք լինելու: Իր ուսուցչուհին ինձ միշտ ասում էր՝ Հայկը շատ խելացի է: Քննություններին էր պատրաստվում, ընկերներով հավաքվելու էին ամառանոցում, Հայկին ասացի, որ այդ անգամ չգնա: Ընկերները եկան, ինձ խնդրեցին, որ թույլ տամ, որ Հայկն էլ իրենց միանա: Իսկ տղաս էլ ասաց՝ մա՛մ, տետրերս վերցնում եմ, այնտեղ պարապելու եմ: Հետո նկար է ուղարկում, որ մինչ տղաները խորովածն են անում, ինքը պարապում է: Ընկերներն են պատմում. «Մարինե՛ քուրիկ, քանի որ քեզ խոստացել էր, պարապում էր»: Մեկնեց բանակ, քննությունների պատասխանները չգիտեր: Մի քանի օր անց զանգեցի և ասացի, որ ընդունվել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց, ավաղ, ուսանող լինել չհասցրեց»: Հայկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2020 թ.-ի հուլիսի 17-ին: Մեկ ամիս եղել է Ասկերանում, հետո տեղափոխվել Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս:

«Ավագ տղաս մեկ տարուց ավելի ծառայում էր այնտեղ, մտածեցի, որ երկուսով միասին կլինեն, ես էլ՝ ավելի հանգիստ: Երկու տղաներս էլ շատ պատրաստակամ մեկնել են ծառայության: Ասկերանում իրեն շատ լավ էր զգում, ես էի անհանգիստ, որ եղբորից հեռու է: Միշտ լավ է արտահայտվել, ասում էր. «Մա՛մ, բոլորն այնքան լավ են տրամադրված իմ նկատմամբ: Մի տղա Արցախից է, գեներալի տղա է, շատ լավ շփվում ենք»: Ես էլ իրեն միշտ ասում էի՝ դա նաև քեզանից է, դու այնքան լավն ես: Այնքան զուսպ ու խելոք երեխա էր: Օգոստոսի 17-ին պետք է լիներ իրենց երդմնակալության արարողությունը, պատրաստվել էի մեկնելուն: Բայց ամսի 15-ին զանգեց՝ մա՛մ, արարողությունը եղել է: Համավարակի շրջանն էր, ապահովությունից ելնելով՝ շուտ էին կազմակերպել: Երբ արդեն եղբոր մոտ էր, ոգևորվածությունն անսահման էր, միշտ զանգում էր՝ մա՛մ, Լյովն ինձ կերակրել է, քաղցրը տվել է: Շատ հանգիստ էի իրենց համար»: Սկսվեց 44-օրյա պատերազմը, որի մասնակից դարձան տիկին Մարինեի երկու որդիները:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը ութին զանգահարեց մեծ տղաս, զարմացա: «Լյով ջան, ի՞նչ է եղել»: Երևի կարծել էր, որ պատերազմի լուրը լսել եմ: «Մա՛մ, չանհանգստանաս, թե՛ Հայկը, թե՛ ես ապահով տեղում ենք, գնում ենք զորավարժությունների, չզանգես, հենց հարմար լինի, կզանգեմ»: Մտքովս ոչ մի վատ բան չանցավ: Հետո զանգեց ամուսնուս քույրիկը՝ պատերազմ է»: Ավագ որդին զանգահարել է մայրիկին, հուսադրել՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մեկին չլսես: Նույն կերպ նաև Հայկն է տիկին Մարինեին հավաստիացրել, որ ամեն բան կարգին է: «Հայկը հրետանավոր էր, մեծ տղաս՝ հակաօդային պաշտպանությունում: Իրենք եղել են տարբեր հատվածներում, իրար չեն հանդիպել: Չնայած ինձ հակառակն էին ասում՝ միասին ենք, իրարից տեղյակ ենք, բայց ստել են ինձ: Ավելի անհանգստանում էի մեծ որդուս համար այն իմաստով, որ մեկ տարուց ավելի ծառայում էր, առաջնագիծ կտանեին, իսկ Հայկի համար հանգիստ էի, կարծում էի, որ երկու ամսվա ծառայողին չեն տանի առաջնագիծ: Հայկի հետ զրույցներից էլ չէի կասկածում որևէ բան: Հոկտեմբերի 10-ի զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ամենալավն իմ տեղն է: Իր այդ բառերն ականջիս մեջ են: Այդ օրը երեք անգամ զանգահարել է: Վերջին զանգը գիշերը ժամը 21:38 րոպեին էր. «Մա՛մ ջան, ի՞նչ կա»: Արձագանքեցի, որ ամեն ինչ լավ է, ասաց՝ սաղ տոչնի ա, մա՛մ, ու հետո կտրուկ՝ լավ, մա՛մ, մեզ տեղափոխում են, և անջատեց հեռախոսը»:

Մայրիկը հիշում է Հայկի զանգերից ևս մեկը: «Զանգահարեց՝ մա՛մ, հեռուստացույցով չես լսե՞լ մեր մասին: Արձագանքեցի՝ չէ, Հա՛յկ ջան, ի՞նչ պիտի լսեի: «Չեմ պատմի, մամ, կլսես, թե ինչեր ենք արել»: Հետո ծառայակից ընկերներն ասացին, որ տղաներն ինչ-որ բարձունք են գրավել»: Ցորի տղաներն օրեր շարունակ թեժ կետերում են եղել՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Անմահացել են հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տեղամասում: Հայկի և նրա տասն ընկերների մարմինները թշնամին հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին: Դրանից մեկ ամիս անց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել տղաների հոգեհանգստյան արարողությունը: «Փրկված տղաներից մեկն էր պատմել մեծ տղայիս. «Լսեցի Հայկի ձայնը, որ «ախ» կանչեց, տեսանք՝ ոտքի վրա արյուն է, վիրակապեցինք, բայց Հայկն ինձ հետ չեկավ, հակառակ կողմ գնաց»: Երբ վերլուծում ենք դեպքերի ընթացքը, հասկանում ենք, որ ընկերների մոտ է գնացել: Ընկերասիրությունն իր ամենակարևոր հատկանիշներից է»: Ապրելու ուժի մասին:

«Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, սկսեց մեզ աջակցել, 2021 թ.-ից ուխտագնացություններ կազմակերպեց: Միշտ աղոթում էինք երեխաների վերադարձի համար: Այդ հույսով և աղոթքով մեր տղաների ծնողների միջև կապը նաև ամրացավ: Բայց, ցավոք, «վերադարձն» այսպիսին եղավ: Մտածում էինք, որ նրանք էլի մեր աղոթքների շնորհիվ տուն հասան: Այնքան տղաներ կան, որ մինչ օրս անհետ կորած են: Գնում եմ Եռաբլուր և այնտեղ այն զգացողությունն ունեմ, որ Հայկն ինձ հետ է: Խոսում եմ իր հետ, կարծես իմ կողքին լինի: Ամեն կիրակի պարտադիր մասնակցում եմ պատարագի, դա էլ է ինձ հանգստացնում»:

Հ. Գ. - Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular