ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկերի բարձրացում մոտ վեց անգամ, փաստաբանական ծառայությունների արժեքի բարձրացում, և, ինչպես փաստում են հենց փաստաբանները, նրանք զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների առթիվ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հնչած այս ահազանգերը, մեղմ ձևակերպմամբ, անհանգստացնող են, իսկ ավելի դիպուկ բնորոշմամբ՝ գործ ունենք հարկային տեռորի հետ, որը, փաստորեն, իրականացվելու է պետական մակարդակով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այդ փոփոխություններն ընդհանուր «չարեփոխումների» միայն մի փոքրիկ հատվածն են:

«Ինչի՞ց են սկսել փոփոխությունները: 2024 թ.-ի բյուջեով 237 մլրդ դրամ հարկերը թերհավաքագրվելու են: Այսինքն՝ բյուջետային եկամուտներն այդքանով պակաս են կատարելու: Սա արդեն իսկ հունվարից հոկտեմբեր ամիսների հավաքագրված գումարների և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կանխատեսումների մեր հաշվարկն է: Իհարկե, 237 միլիարդը կարող է դառնալ մինչև 300 մլրդ: Տարեսկզբից նշում ենք, որ 200-ից 300 մլրդ դրամով պակաս են կատարելու հարկերի հավաքագրումը: Եկենք միջինացված թիվ ֆիքսենք՝ 250 մլրդ դրամ: 2025 թ.-ի ընթացքում բյուջետային եկամուտներն ավելացվել են 197 մլրդ դրամով, այսինքն՝ 2025 թ.-ի վրա 2024 և 2025 թվականների գումարային բեռը կազմում է 450 մլրդ դրամ: Սա չեն կարող կատարել, որովհետև չունենք տնտեսական պոտենցիալ, թողարկվող արտադրանքի քանակ չի ավելանում, ծառայությունների ծավալ չի ավելանում, տուրիզմը նվազել է, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից տրանսֆերտների փոխանցումը նվազել է: Այս իրավիճակում մնում է ընդամենը երկու ելք՝ կա՛մ հարկերի դրույքաչափերի բարձրացում, կա՛մ հարկվող օբյեկտների ընդլայնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Ընդգծում է՝ հիմա սկսել են ծառայությունների մատուցումից:

«Այսինքն, որոշակի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկերը բարձրացնելուց: Կանխատեսվում է, որ խոսքը մոտավորապես 132 մլրդ դրամի մասին է, այսինքն՝ հարկերն այդտեղից պետք է բերեն: Մնացած հատվածը պետք է սպասենք 2025 թ.-ին և գնաճին: Դրանով պայմանավորված՝ լայն սպառման առարկաների գները բարձրացնելու են, նաև կանխատեսում ունենք, որ կարող են հանրային ծառայությունների՝ էլեկտրաէներգայի, գազի, ջրի և այդպիսի այլ ծառայությունների արժեքի բարձրացում լինել: Վերջին երկու տարին, մասնավորապես, անընդհատ հակված են կրթության և առողջապահության ծառայությունները հարկելուն: Զուգահեռ տեղի է ունենում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում: 450 մլրդ դրամ հարկային բեռը պետք է բաշխեն փոքր և միջին բիզնեսի և Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա: Բեռը պետք է լայն բաշխվածություն ունենա, յուրաքանչյուրի վրա փոքր ազդեցություն, և դժգոհություններ չհասունանան: Այս ամբողջի համատեքստում նրանք փուլային ներդրում են կատարում: Կազմակերպություններին հարկում են, նրանց քանակը քիչ է, կամ վախի մթնոլորտում չեն կարողանում բողոքի ալիք բարձրացնել, սրանք էլ օգտվում են դրանից, և այդ բարձրացումները կատարում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է նրան, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ: «Փաստաբանական և հաշվապահական ծառայություններն օգնում են փոքր և միջին բիզնեսին և ֆիզիկական անձանց: Հայաստանի բոլոր ֆիզիկական անձինք պետք է հայտարարագիր ներկայացնեն: Հաշվապահական ծառայությունների հարկերը բարձրացնում են, սա նշանակում է, որ 30 տոկոսից ավելի միայն այդ ծախսը բոլոր ֆիզիկական անձանց մոտ ավելանալու է: Երկրորդ՝ հաճախ է լինում, որ նրանք անարդարությունների զոհ են դառնում: Իրավաբանական և հաշվապահական ծառայությունների արժեքն այնքան բարձր է լինելու, որ նրանք չեն կարողանալու օգտվել իրենց իրավունքների պաշտպանությունից: Խնդիրների առջև են կանգնելու: Նախ՝ պարտադրում են եկամտային համատարած հայտարարագրում, և նորմալ է, որ գիտելիքի պակասի պատճառով մարդիկ կարող են սխալ լրացումներ կատարել, դրա հետևանքով հարկային մարմինը կարող է հարկառաջադրում անել:Նրանք դիմելու են իրավաբանական կամ հաշվապահական կազմակերպություններին իրենց իրավունքները պաշտպանելու համար, բայց վերջիններիս ծառայությունների արժեքն այնքան են բարձրացնում, որ չկարողանան նրանց դիմել, այդ ծառայությունները ֆիզիկական անձանց համար անհասանելի են դարձնում: Մի կողմից՝ բյուջետային եկամուտների խնդիրն են լուծում, մյուս կողմից՝ անընդհատ ազդեցություն են գործում ֆիզիկական անձանց վրա, որպեսզի որևէ մեկն անկախ կամարտահայտում չունենա, անընդհատ վախի մթնոլորտում ապրի»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Այս ամենն, իհարկե, ազդեցություն է ունենալու գնաճի վրա: «Այն երկու տեսակի ազդեցություն է ունենալու: Մի կողմից՝ խոսքը պարտադիր ծառայությունների մասին է, որոնցից մարդիկ, այսպես, թե այնպես օգտվելու են, սա ավելորդ ծախսի ավելացում է: Մյուս կողմից՝ չկա եկամուտների ավելացման հնարավորություն, այդ ներուժը չունեն: Երրորդ տեսանկյունից օրինակը բերենք սովորական սպառում իրականացնող խանութների վրա: Այդ խանութների հարկային բեռն ավելանալու է, նրանք հաշվապահական և իրավաբանական՝ արդեն բարձր արժեքով ծառայություններից են օգտվելու: Դա չեն կարող ինքնուրույն, իրենց գրպանից սպասարկել: Բնական է, որ դա պետք է ներառեն ապրանքի արժեքի մեջ: Պետք է, ասենք, սննդամթերքի գինը բարձրանա: Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու: Մի անգամ անձամբ՝ ծառայություն ձեռք բերելիս, հաջորդն անուղղակիորեն՝ ապրանք ձեռք բերելիս, որի դեպքում ծառայությունների բարձր արժեքն արդեն ներառված է լինելու: Այս քայլերը մի կողմից՝ բյուջեն լցնելու նպատակ ունեն, մյուս կողմից՝ հայ հասարակությանն ավելի աղքատացնելու, որովհետև սրանք ինչ իրականացնում են, կա՛մ գնաճի վրա է ազդեցություն ունենում, կա՛մ մարդկանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ է ձևավորում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ազգային ժողովում վերջին օրերին քննարկվում է 2025 թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Պարզ դարձավ, որ ունենալու ենք պետական պարտքի ավելացում, չի նախատեսվում թոշակի, նպաստի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախանշվել է բավականին համեստ՝ 5,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Աուդիտորների պալատի նախագահից հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ն է պետբյուջեի նախագծի վերաբերյալ իր գնահատականը: «Բյուջեի նախագիծը շարունակում է մնալ խիստ վտանգավոր: Այն խոստանում է հայ հասարակությանը, որ անպայման գնաճ է լինելու և հասարակությունն ավելի է աղքատանալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի բյուջեն չի ստեղծում տնտեսական հնարավորություն, պոտենցիալ, ներուժ: Եվս մեկ տարի մեր կյանքից տրամադրում ենք այս կառավարությանը՝ վստահաբար իմանալով, որ 2025 թ.-ը մեր ապագայի համար որևէ դրական երևույթ կամ դրա հնարավորությունը չի ստեղծելու: Հաջորդ տեսանկյունից ակնկալվում է Հայաստանի պետական պարտքն ավելացնել 14 միլիարդ դոլարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի չափահաս չդարձած, այդ թվում՝ դեռևս չծնված քաղաքացիներն ապագայում պետք է լինեն բարձր հարկային բեռի տակ, որպեսզի կարողանան այդ պարտքը սպասարկել: Սրանք են 2025 թ.-ի բյուջեի վտանգները, այն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular