Փաշինյանը քավության նոխազներ է փնտրում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները տրամաբանական են, եթե հաշվի առնենք անցած ուրբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը, նրա դժգոհությունը դատաիրավական համակարգից, «նախկին» թալանչիների դեմ անբավարար պայքարից։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու իր թիմը հարյուրավոր անգամներ խոստացել են վերադարձնել թալանի գումարները, իսկ այժմ, երբ այդ գործընթացը ձախողվել է, հարկավոր է քավության նոխազներ գտնել, կոտրել նրանց գլխին, և շնորհակալագրով հեռացնել։
Այս ցանկում չեն տեղավորվում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկությունները։ Ռուստամ Բադասյանի հեռացումը հարկադրված քայլ է։ Տարեվերջին Փաշինյանը ստիպված է լինելու բացատրել, թե ինչու է քիչ հավաքագրվում պետական բյուջեն։ Ըստ մասնագետների, բյուջեն 200-ից 250 մլրդ դրամով քիչ է հավաքվելու։ Թերակատարման համար էլ հարմար նոխազը հենց Ռուստամ Բադասյանն է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարողանալու բացատրել, թե ինչու է ձախողվում տնտեսությունը, ռելոկանտների, զբոսաշրջիկների թիվը նվազում է, իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին էլ այլևս թույլ չեն տալիս ոսկի տարանցել դեպի ԱՄԷ, և իշխանությունը փորձում է որպես կանխարգելիչ քայլ հեռացնել Ռուստամ Բադասյանին։
Մյուս կողմից, Բադասյանը Տիգրան Ավինյանի կլանից է, Փաշինյանն առիթից օգտվում է՝ ազդեցիկ պաշտոնից հեռացնելու Ավինյանի կադրին։
Գնել Սանոսյանի պաշտոնանկությունն էլ, ըստ մեր աղբյուրների, կապված է մարզերում կատարված աշխատանքներում իրականացված «ատկատների» հետ։ Մարզեր այցերի ընթացքում Փաշինյանին բազմիցս դժգոհել են Սանոսյանից, որ ասֆալտը որակով չի արվում, ջրի խնդիրներ կան, և Փաշինյանը զգալի ընտրազանգված է կորցնում հենց այնտեղ, որտեղ իր հիմնական ընտրազանգվածն է։ Եվ այժմ Փաշինյանը ՏԿԵ նախարարին հեռացնելով, փորձում է շտկել իրավիճակը։ Պարզ է, որ ատկատները միայն նախարարի ձեռքի գործը չեն՝ հաշվի առնելով երկրում կոռուպցիայի աննախադեպ ծավալները։
Քնար Մինասյան