Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով
ՄՇԱԿՈՒՅԹՊետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են՝ նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։
Համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը:
Նախագիծը միտված է նաև համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների և զուտ շահույթի աստիճանական մեծացմանը: