ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս տեղեկացրել էինք, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան Հայաստանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորաբար՝ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան դասական երաժշտության թիվ մեկ ուսումնական հաստատությունն է: 2021 թ.-ից ի վեր երիտասարդ երաժիշտները բացառիկ հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի և սեմինարների, որոնք վարում են մեր ժամանակների հեղինակավոր դասախոսները: Ակադեմիան Դուբայ է վերադառնում չորրորդ անգամ: 2025 թ.-ին նա խոստանում է ոչ միայն վարպետության դասեր երիտասարդական նվագախմբերի, այլև դասընթացներ խմբերգային անսամբլների համար, անհատական ​​վարպետության դասերի շարք տարբեր անվանակարգերում և հատուկ համերգաշար:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է բացառիկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք կվերապատրաստվեն, հնարավորություն կունենան շփվելու հեղինակավոր երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնելու դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ: Եվ ամենակարևորը՝ ստացած փորձառությունը ներդնելու մեր կրթական համակարգում:

2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հասնելու իրենց երազանքներին: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է կրթական բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է պատանի երաժիշտների համար կրթական ուղևորություններ արտասահմանյան լավագույն ակադեմիաներ և փառատոններ, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել օգտվել միջազգային մակարդակի դասավանդումից, մասնակցել ճանաչված արտիստների հետ վարպետության դասերի և հանդես եկել հեղինակավոր բեմերում: Հիմնադրամը կարևորում է մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային՝ համարելով այն հնարավորությունների հրաշալի հարթակ երաժիշտների և դասավանդողների համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular