ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։

Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։

2020 թվականից սկսած՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումը և արտահանումը։ Հայաստանն այս ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի փուլային դուրսբերումը շրջանառությունից։ 

Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular