ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս, մեր տղաներն են մեզ ապրեցնում». Հովիկ Վերանյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում և տուն «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ ու խելոք, աննկարագրելի ու յուրահատուկ երեխա էր: Երբ ծնողական ժողով էի գնում, ուսուցիչներն ասում էին՝ այնքան տարբեր են Հովիկն ու եղբայրը: Նա Հովիկից երկու տարով է փոքր: Հովիկը հանգիստ էր, եղբայրը՝ մի քիչ չարաճճի: Շատ խելացի էր, ամեն քայլն անելուց առաջ ծանր ու թեթև պետք է աներ: Այնքան հասուն էր, որ ինձ թվում էր, թե իմ կողքին արդեն տարիքով ավելի մեծ տղամարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Հովիկի մայրիկը:
 
Հովիկը ծնվել է Սևան համայնքի Գագարին գյուղում: Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է Գագարինի հետ: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում՝ Ծրագրավորում մասնագիտացմամբ: Հովիկը դպրոցում սիրելի առարկաներ, որպես այդպիսին, չի ունեցել, բայց, ահա, տեխնիկական միջոցները նրա հետաքրքրության շրջանակում էին: «Հեռախոսների ծրագրերից էր գլուխ հանում, նորոգում էր տեխնիկական միջոցներ, հեռուստացույց, հեռախոս: Համակարգիչները, տեխնիկան նրա տարերքն էին»,-նշում է մայրիկը: Վեց ամիս էր մնացել քոլեջն ավարտելուն, երբ Հովիկը զորակոչվեց պարտադիր զինծառայության: «Իրեն ասացին, որ կարող է հետաձգել ծառայության մեկնելը, ավարտել ուսումը, նոր մեկնել բանակ: Բայց Հովիկս չուզեց»:
 
Տղայի երազանքները, ցանկությունները կապված էին բարձրագույն կրթություն ստանալու հետ: «Ասում էր. «Մա՛մ ջան, քոլեջս կավարտեմ, Երևանում համալսարան կընդունվեմ, բոլորս կտեղափոխվենք քաղաք: Ես հեռակա բաժնում կսովորեմ, նաև կաշխատեմ, միասին կլինենք քաղաքում»: Բայց պատերազմը թույլ չտվեց, որ տղաների երազանքները կատարվեն»: 2019 թ. դեկտեմբերի 16-ին Հովիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Մուղնիի ՀՕՊ զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և կրծքանշաններով: Վեց ամիս անց տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ: «Ծառայում էր Զինավան գյուղում: Ցավոք, չտեսանք, թե որտեղ էր ծառայում, ինչպես: Կորոնավիրուսի շրջանն էր: Իր մոտ գնալ չկարողացանք: Մուղնիում ծառայելու ժամանակ կարողացա իրեն մի քանի անգամ տեսնել»:
 
Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի տրտնջացել ծառայությունից: «Երբ զանգահարում էր, ու իրեն հարցնում էինք, թե ինչպես է, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է, մեզ շատ լավ են վերաբերվում: Միայն նեղսրտում էր, որ չէր կարողանում արձակուրդ գալ, համավարակի շրջանն էր, արձակուրդներն արգելված էին»: 2020 թ.-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: Տիկին Հերմինեն նշում է՝ կարողացել են ամեն օր խոսել որդու հետ: «Երեխաներ կային, որ օրերով չէին զանգահարում տուն, բայց մեր դեպքում օր չի եղել, որ չխոսեինք Հովիկիս հետ: Մինչև հոկտեմբերի 21-ն առավոտյան տասնմեկին քսան պակաս իր հետ կապ ենք ունեցել, այդ ժամանակ հայրիկի հետ է խոսել: Միշտ նույն խոսքն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է: Եղբայրը հարցրել էր՝ Հովի՛կ ջան, ի՞նչ եք անում, ասել էր՝ բան չէ, Հայկո՛ ջան, ծիտ ենք խփում: Շատ հետո հասկացանք, թե ինչ նկատի ուներ: Իրեն ասում էինք՝ ի՞նչ ուղարկենք ձեզ համար, արձագանքում էր՝ ոչ մի բան, մա՛մ ջան, միևնույնն է, ուղարկեք էլ, չենք կարող վերցնել»:
 
Մայրիկն ասում է՝ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին ժամը երկուսից երկուս անց կեսի միջակայքում: Այնքան հաճախ ենք ծնողներից այս ձևակերպումը լսում՝ «դեպքը եղել է», նրանցից շատերն այդպես էլ չեն արտաբերում զոհվել բառը: Կարծես այդ բառն արտաբերելով կրկին ինչ-որ կարևոր բան են կորցնելու: «Ինչպես մեզ պատմեցին, դեպքը եղել է Հադրութի Դրախտիկ գյուղում: Տղաները տեղափոխվելիս են եղել այդ տարածքից: Թե ինչ է եղել, ինչպես, մինչև հիմա տեղյակ չենք: Մեզ որևէ բան չեն ասել»: Հադրութ, Արա լեռ և այլ թեժ կետեր: Հովիկն ու զինակից ընկերները տեղափոխվում են պատերազմի օրերին մի կետից մյուսը: Տիկին Հերմինեն անգամ հիշում է՝ մի օր երբ հարցրել է, թե որտեղ են, որդին արձագանքել է՝ մա՛մ ջան, մենք էլ չգիտենք: Հովիկն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում, որի պաշտպանությունն էլ ստանձնել էր ընկերների հետ: Նա տուն է «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց՝ 2021 թ.-ի հունվարին: Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով:
 
Հետո պատմությունները կփաստեն, որ Հովիկը փրկել է վիրավոր ընկերներից մի քանիսին, օգնել դուրս գալ շրջափակումից։ Երկու անգամ ինքն է հայտնվել շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Պատմություններ, վստահաբար, էլի են եղել: Ապրելու ուժի մասին: «Հովիկս տան ավագն էր: Երկու եղբայր ուներ՝ Հայկն ու Վաչագանը, երբ զորակոչվեց բանակ: Իր զոհվելուց հետո ծնվեց փոքր տղաս՝ փոքր Հովիկս: Ես չորս տղա ունեմ: Հենց իրենք են մեզ ապրեցնում, այն, որ ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս: Շատ դժվար օրեր են, բառերով նկարագրելու չէ, բայց երեխաների շնորհիվ ուժ ենք գտնում ապրելու և մեր ընտանիքը ապրեցնելու: Քիչ-քիչ փորձում եմ փոքր տղայիս հետ դպրոցական տարբեր միջոցառումների մասնակցել: Ի՞նչ մեղք ունեն մեր մյուս տղաները, որ նրանց զրկենք ինչ-որ բանից: Ատամները պետք է սեղմենք ու ապրենք նրանց համար»:
 
Հ. Գ. - Հովիկ Վերանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գագարինի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular