ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմը և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները հայաստանյան հասարակության շրջանում խոր հիասթափություն են առաջ բերել։ Ինչքան էլ փորձ է կատարվում մարդկանց համոզել, թե «ապագա կա», միևնույնն է, քաղաքացիներն իրենց պայծառ ապագայի սպասումներ չունեն։ Ավելին, մարդիկ շատ չարագուշակ սպասումներ ունեն՝ չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքացիներին հանգստացնելու, թե համբերել է պետք, ամեն ինչ լավ է լինելու, շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի, ադրբեջանցիների ու թուրքերի հետ «առևտուր կսկսենք անել», այդ ամենի արդյունքում էլ Հայաստանի տնտեսությունը կսկսի շատ արագ զարգանալ, ու մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով կսկսեն ապրել, Հայաստանի ինքնիշխանությունն էլ ավելի կամրապնդվի, քանի որ արտաքին խաղացողներն օգտագործել են Արցախյան հակամարտությունն ու «մեզ մեշոկի պես այս կողմ, իսկ հետո այն կողմ են շպրտել»։
 
Բայց ժամանակն անցնում է, և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի բարդ ու ծանր է դառնում։ Այս պայմաններում երկրի ապագայի նկատմամբ թերահավատությունն ավելի խոր արմատներ է գցում, մարդկանց շրջանում մի կողմից՝ ապատիա է առաջանում, իսկ մյուս կողմից էլ՝ անվստահություն քաղաքականության և դժգոհություններ՝ ընդհանրապես իշխանությունների քայլերի նկատմամբ, քանի որ նրանք, բացի զիջումներ անելուց, ոչնչի ընդունակ չեն։
 
Ու այս պատկերն արտացոլվում է նաև սոցհարցումների պարագայում։ GALLUP International-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների գրեթե 58 %-ը դժգոհ է ՀՀ վարչապետի գործունեությունից. ի մասնավորի, հարցվածների 41,5 %-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1 %-ը՝ «ավելի շուտ բացասական»։ Հավելենք, որ հարցին դժվարացել է պատասխանել 7,9 %-ը։ Սակայն այստեղ առավել մտահոգիչ է այն փաստը, որ այսքան փորձանքներ, ավերումներ, կորուստներ բերած իշխանության ղեկավարի գործունեությունը «լիովին դրական» է գնահատել 14,1 %-ը, «ավելի շուտ դրական»՝ 20,4 %-ը: Այսինքն, ստացվում է, որ մեր հասարակության մեջ դեռ 34 %-ը այս ամբողջ արհավիրքը նորմալ է համարում: Հարցումներն արտացոլում են, որ, ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության գործունեությունը ևս բացասական գնահատանքի է արժանանում։
 
Դրա համար էլ «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20,9 %-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35,4%-ը։ Այսինքն, կառավարության գործունեությունը բացասական է գնահատել 56,3 %-ը: Բացի այդ, հարցումները ցույց են տալիս հանրային անվստահությունը իշխանության ձեռնարկած քայլերի նկատմամբ։ Այդպես, հարցվածների 23,4 %-ը ավելի շուտ չի հավատում, իսկ 41,2 %-ը միանշանակ չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև տարեվերջ: Կամ՝ հանրության 51,5%-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող է համարում, իսկ 21,3 %-ը այդ մոտեցումը համարում է ավելի շուտ բացասական: Այսինքն, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատել 72,8 %-ը, որն ինքնին տպավորիչ թիվ է:
 
Փաշինյանի իշխանությունն անընդհատ հանրությանը համոզում է, որ պետք է գնալ զիջումների։ Իսկ այն հարցին, թե Հայաստանը պե՞տք է գնա զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, հարցվածների 90 %-ը բացասական է պատասխանել՝ նշելով, որ մենք այլևս ոչինչ չունենք զիջելու: Ընդունեք, որ սա ևս տպավորիչ թիվ է: Ընդ որում, դեռ պետք է հաշվի առնել, որ այս հարցումներն իրականացվել են արևմտյան կազմակերպության կողմից։ Ու ինչքան էլ Արևմուտքը փորձի փայփայել ՀՀ իշխանություններին, միևնույնն է՝ հնարավոր չի եղել թաքցնել հանրային տրամադրություններում առկա իրավիճակը։
 
Այսինքն, իրական տրամադրություններն այնքան բացասական են այս իշխանությունների նկատմամբ, որ նույնիսկ «Գելլափն» է ստիպված եղել բացասական «բալանս» ցույց տալ: Իրականում հանրային դժգոհություններն իշխանությունների գործունեությունից իսկապես համատարած են, իսկ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ արվող զիջումները, հանրային լեգիտիմություն չեն վայելում։ Ու պատահական չեն տեղեկությունները, որ առավել անկախ հարցումներն անհամեմատ տխուր պատկեր են տալիս իշխանությունների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular