ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Շիրակում երիտասարդ ընտանիքի մաhացու վթարի դեպքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:

Վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:

Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս։ Դրա հետևանքով բախվել է դիմացից ընթացող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02:05-ին, «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգնության խնդրանքով, զանգահարել է իր ծանոթին՝ Գյումրի քաղաքի 26–ամյա բնակչին, որից հետո վերջինս իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր։ Անձամբ հավաստիանալով, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իր ծանոթին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելու իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, 26–ամյա երիտասարդը իր վարած հիշյալ ավտոմեքենայով, վերջինիս դեպքի վայրից տեղափոխել է Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց։ Այնուհետև, ծանոթի խնդրանքով, երիտասարդը գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով նրան տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով։ Արդյունքում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դիմել է փախուստի՝ թաքնվելով քրեական վարույթն իրականացնող մարմիններից:

2024 թվականի սեպտեմբերի 20-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս 26–ամյա ծանոթին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular