ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանը որոշել է մինչև վերջ ատամ գցել ՔՊ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին հակասություններն արդեն այնքան են խորացել, որ պաշտոնյաները բաց ու թափանցիկ միմյանց մեղադրում են կոռուպցիայի և այլ տարատեսակ հանցագործությունների մեջ։ «Պանդորայի արկղը» խորհրդարանում բացեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Հովիկ Աղազարյանին մեղադրելով իր որդու վերաբերյալ քրգործերով միջնորդելու մեջ։

Ակնհայտ էր, որ աղմկահարույց լսումների համար ինչ-որ մարդիկ պետք է պատասխան տան, և «կեղտոտ սպիտակեղենը» հանրության առջև փռելու գլխավոր մեղավորը հենց լսումների կազմակերպիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինիս պահվածքը փաստում է՝ ՔՊ-ում էլ են հասկացել Քոչարյանի խաղերը, փորձում են նրան հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, զրկել այն ահռելի լծակներից, որ տարատեսակ խարդավանքների միջոցով Քոչարյանը հաջողացրել էր ճանկել։ Ինքը՝ Քոչարյանն էլ հրաշալի հասկանում է, որ ՔՊ-ում ազդեցիկ մի խումբ աշխատում է իր դեմ։ Առավել ևս, որ հենց իրեն են մեղադրում թե՛ լսումները տապալելու, թե՛ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ արշավ սկսելու, թե՛ Արփի Դավոյանի նվաստացման մեջ։ Եվ լռելու փոխարեն, Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է հարձակման անցնել։

Ապրիլյան, ապա և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահը, ով ահռելի տեղեկությունների է տիրապետում, պարզ հասկացրել է, որ իր հաշիվները մաքրելը ՔՊ-ի ատամների բանը չէ։

Երեկ ՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է գումարել՝ խմբակցության պատգամավորների, գործադիրի պաշտոնյաների, ՔՊ վարչության մասնակցությամբ։ «Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք»,- գրել էր Փաշինյանը նիստի մասին տեսանյութի մեկնաբանության մեջ։ Մամուլն այսօր առավոտից փորձում է կանխատեսումներ անել, թե ինչ են քննարկել, իբր ներքին աղբյուրներից ստացված տեղեկություններ է հայտնում նիստում հնչած կարծիքների վերաբերյալ։

Որ նիստը թեժ է եղել, կասկած չկա, ՔՊ վարչության անդամներից մի քանիսին Անդրանիկ Քոչարյանը հասցրել է լավ նյարդայնացնել։

Ըստ ամենայնի, Անդրանիկ Քոչարյանին այս փուլում ձեռք չեն տա, որքան էլ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Արմեն Փամբուխչյանն ու այլք կրակոտ ելույթներ ունենան։ Փաշինյանն այժմ այլ առաջնահերթություններ ունի. մեր տեղեկություններով, նա պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ստուգում է կուսակիցների հավատարմության աստիճանը, և, ըստ այդմ, ընտրական ցուցակ գրում։ Ընդ որում, ցուցակը նա գրում է միայն իր կնոջ հետ, յուրաքանչյուրի վարքն ու բարքը քննելով: Չի բացառվում, որ արդեն այդ ցուցակում բացակայեն հովիկաղազարյանների, անդրանիկքոչարյանների անունները։ ՔՊ խմբակցության ներկայիս կազմից շատերը փուռն են գնալու։ 

Էդիտա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular