Վրաստանում ընտրությունների ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 %-ում, որտեղ քվեարկել է ընտրողների 14 %-ը, քվեաթերթիկների վերահաշվարկն «ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել»։ Ամփոփիչ արձանագրությունները «միայն աննշան փոխվել են» վերահաշվարկված ընտրատեղամասերի 9 %-ում, նշվում է հաղորդագրության մեջ:
Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի համար տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։