Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմեբրի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 70-ամյա Վ. Եփրեմյանի վարած «Ford» մակնիշի և 34-ամյա Ե. Մեսրոպյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է, բախման հետ «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։