ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցած Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը պատմական իրադարձություններ էին հավատավոր ժողովրդի համար: Դրանք յուրահատուկ կարևորություն ունեին մարդկանց համար, որոնք գիտակցում էին, թե ինչ է կատարվում Մայր Աթոռի բաց և փակ խորաններում, թե ուր և ինչի համար էին իրենք եկել: Շատերն էլ, հնարավորություն չունենալով ներկա գտնվել արարողություններին, տանից էին հետևում դրանց ընթացքին։ Անկեղծ լինենք, շատերին գուցե հետաքրքրությունն էր բերել այդտեղ, մյուսներին՝ սոցցանցերում «սթորի» անելու գայթակղությունը, բայց մարդկանց մեծամասնությանը հավատքն էր առաջնորդել Էջմիածին, որը, թվում է, մեր միակ ապավենն է մնացել այս խառնակ օրերում։

Անասելի հուզիչ էր Մյուռոնօրհնեքին ներկա գտնվել և, առանց մեկ բառ չափազանցնելու, սրտիդ ու հոգուդ ամեն մասնիկով մասնակից դառնալ տեղի ունեցողին: Խնկաբույրը, կարծես, ներս թափանցեց հոգուս մեջ ու խորը արմատներ ձգեց այնտեղ։ Մյուռոնօրհնեքի հիմնական արարողությունից հետո Վեհափառն իր պատգամը հղեց հավատացյալ ժողովրդին: «Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»»։ Կարևոր էր նրա՝ այդ օրը հնչեցրած պատգամը՝ մեկ անգամ ևս մեր առաջնահերթությունները չմոռանալու առումով։ Վեհափառը մի քանի անգամ Արցախի անունը հնչեցրեց, արցախահայերին ուժ և տոկունություն մաղթեց: Յուրաքանչյուրը նրա խոսքը մեկնաբանեց յուրովի: Մեկը Վեհափառի՝ համախմբվելու և արտաքին վտանգներից երկիրը զերծ պահելու կոչին այլ որակում տվեց, իսկ գուցե ցանկացավ նման երանգ հաղորդել պատգամի այդ հատվածին։

Մյուսն էլ գուցե այդ օրով Ամենայն հայոց կաթողիկոսից քաղաքական ելույթ էր ակնկալում, ասենք, փողոցներում Հայաստանի գործող իշխանությունների դեմ բողոքի ձայն բարձրացնելու։ Խառը ժամանակներում ենք ապրում, զգացե՞լ եք, որ շատերի համար հերոսից հակահերոս «ստանալը» վայրկյանների հարց է։ Մեկն Էջմիածին էր եկել իր բաժին՝ մանանեխի չափ հույսի ու հավատի հետևից, ոմանք՝ ներկա-բացակա անելու։ Մեկն ասաց՝ տեսա՞ք, թե ովքեր կային նստած հյուրերի շարքերում։ Ես էլ տեսա։ Բայց ես ուրիշ բան տեսնելու համար էի գնացել, ու ինձ համար միայն դա էր էական։ Մի երրորդն էլ հավելեց՝ տեսա՞ք, թե ովքեր եկան Մայր տաճարի վերաօծմանը։ Ես էլ տեսա։ Կուզեի՞ չտեսնել այդ օրն այդ մարդկանցից շատերին այդ վայրում։

Անկեղծ լինեմ՝ միանշանակ, այո։ Մի տեսակ անկեղծության պակաս կար օդում: Այս մարդիկ անվերջանալի արշավ սկսեցին եկեղեցու, Կաթողիկոսի և, առհասարակ, հոգևոր դասի դեմ: Բայց փառահեղ գեղեցկությամբ վերաօծված Մայր տաճարում հնչած Վեհափառի պատգամը նաև այս մտահոգության պատասխանը տվեց. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ՝ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից: Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»։ Սա պատգամի պես հնչեց հատկապես այն մարդկանց համար, որոնցից շատերին այնքան էլ ուրախ չէինք տեսնել Մայր տաճարում։

Մյուռոնօրհնեքի արարողությանը հավատով լեցուն հարյուրավոր մարդկանց տեսա, որոնք փորձում էին դիպչել սուրբ մասունքներին և այդ կերպ իրենց հետ օրհնություն տուն տանել։ Ես էլ մատներս սահեցրի դրանց վրայով ու առողջություն ցանկացա ինձ համար ամենակարևոր մարդու համար։ Իսկ մինչ այդ խաղաղության և մեր երկրի համար երկինք ուղղված աղոթքների ժամանակ իմ շուրջը կանգնած մարդիկ անդադար «Ամեն» էին մրմնջում։ Որքան տարբեր ենք բոլորս՝ մեր տեսածով ու լսածով, զգացածով ու հասկացածով, անգամ՝ հավատի հանդեպ մեր վերաբերմունքով։ Տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, ինչն առաջնահերթություն է մեզ համար, բռնում մեր իսկ սահմանած կարևորի պոչից ու գնում, անդադար գնում։ Բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular