Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հրանտ Աբրահամյանն ու պարեկ Երեմ Գալստյանը: Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: