Սպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում աճել է վիրուսային հիվանդությունների հաճախականությունը, ինչն առաջացրել է անհանգստություն հասարակության շրջանում։ Արդյոք մեզ սպասվո՞ւմ է նոր համավարակ, ինչպե՞ս կանխել վտանգները և ի՞նչ գիտական ենթակառուցվածքներ և հետազոտություններ են անհրաժեշտ։ Այս հարցերը քննարկվեցին սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ, հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստի մասին հաղորդագրությունում նշված է․
«Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մեզ անհրաժեշտ է ստեղծել հստակ ռազմավարություն՝ կանխելու վիրուսային հիվանդությունների աճը Հայաստանում։ Կան նաև բակտերիալ հիվանդություններ։ Այսօրվա մեր նիստի նպատակն է մշակել կառուցողական և իրատեսական առաջարկություններ այդ ռազմավարությունն ունենալու համար», - ասաց Ռուբեն Հարությունյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ունի գիտական ներուժ այդ ոլորտում հետազոտություններ իրականացնելու համար։ Օրինակ, 2020 թվականին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվեց COVID-19-ի 100․000-ից ավելի թեստ։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում 13․000 տարբեր մանրէներ են ուսումնասիրվում և սեքվենավորվում։
Նիստի ժամանակ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը հանդես եկավ Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին զեկուցմամբ։ «Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը ՌՆԹ գենոմով վիրուս է։ Հայաստանում նոր է հանդիպում, բայց այն հին վիրուս է, որի մասին գիտենք տասնամյակներ շարունակ։ Հիմնականում թռչունների, նաև մոծակների միջոցով փոխանցվում է մարդկանց, նաև որոշ կաթնասունների։ Մարդուց մարդ օդակաթիլային եղանակով փոխանցման դեպքեր հայտնի չեն, բայց կան այլ տիպի փոխանցման ձևեր, օրինակ՝ օրգանների փոխպատվաստման կամ արյան փոխներարկման դեպքում։ Մահացության աստիճանը հիմնականում տատանվում է 2-3 տոկոսի սահմաններում։ Վարակված մարդկանց 80 տոկոսի շրջանում ախտանշաններ չեն դրսևորվում, իսկ եթե անգամ դրսևորվում են, ծանր չեն։ Չնչին տոկոսի դեպքում է, որ կարող են բարդացումներ լինել», - ներկայացրեց Հովակիմ Զաքարյանը։
Անդրադառնելով Կապիկի ծաղիկի վիրուսին, որը սկսել է «ճամփորդել», նա ասաց․ «Սա ԴՆԹ գենոմ ունեցող վիրուս է։ Բարեբախտաբար, Հայաստանում այն չի գրանցվել, հիմնականում հանդիպում է Աֆրիկայում, հայտնի Բնական ծաղիկի հետ նույն ընտանիքի վիրուսներից է։ Բնական ռեզերվուարը որոշ կրծողների տեսակներ են և կապիկները։ Վերջին 30-40 տարվա ընթացքում մարդկանց փոխանցման դեպքերը որոշ պարբերականությամբ գրանցվում են հիմնականում Աֆրիկայում։ Անհանգստությունն այստեղ սկսեց կտրուկ աճել վերջին 2 տարվա ընթացքում, երբ դեպքերի քանակն Աֆրիկայում կտրուկ աճեց՝ անցնելով 18․000-ը։ Սա շատ մեծ թիվ է։ Իսկ մահացության թիվն անցավ 900-ը, և գրանցվեցին առաջին դեպքերն Աֆրիկայից դուրս։ Կապիկի ծաղկի վիրուսը փոխանցվում է մարդուց մարդ, ծանր վիրուս է, կարող է օդակաթիլային եղանակով էլ փոխանցվել, բայց հիմնականում կոնտակտի միջոցով է փոխանցվում։ Մահացության աստիճանն այստեղ հասնում է 5 տոկոսի։ Երկու վիրուսի դեպքում էլ չկա հակավիրուսային դեղամիջոց»։
Հովակիմ Զաքարյանը նշեց, որ, ըստ վերջին 50 տարվա համաճարակների, համավարակների պատկերի, հստակ է, որ որևէ նոր վիրուս չի առաջանում։ Այս վիրուսային ընտանիքները հայտնի են, պարզապես փոխվում են փոխանցման և տարածման եղանակները։ Կարևոր է հետազոտել այդ վիրուսները խաղաղ ժամանակաշրջանում, երբ չկան անցումները։ Իսկ հետազոտելու համար անհրաժեշտ են գիտական ենթակառուցվածքներ և մասնագետներ, որպեսզի երկիրը պատրաստ լինի նոր համաճարակների և համավարակների։
Հովակիմ Զաքարյանը ներկայացրեց օրինակներ, երբ Հայաստանում իրականացվել են խոստումնալից աշխատանքներ, սակայն ենթակառուցվածք չունենալու պատճառով հետազոտությունների մի մասն իրականացվել է արտերկրում և կիսվել է մտավոր սեփականության իրավունքը։ Ըստ գիտնականի՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, կենդանանոցներ, վիրուսների բանկ և հաշվողական նոր ռեսուրսներ։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանը նշեց, որ հին հայտնի վիրուսների բռնկումները պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և արդյունաբերության զարգացմամբ։ «Հայտնի վիրուսները, որոնք վաղուց մարդու հետ առնչություն չունեին, գտնում են նոր տերերին և, բնականաբար, բազմանում։ Կանգնեցնել այդ վարակները Հայաստանի սահմանների վրա չի ստացվի, կլիմայի փոփոխությունը դադարեցնել դարձյալ չենք կարող։ Եկեք հասկանանք՝ ինչ կարող ենք մենք անել, որպեսզի մեղմացնենք այդ վիրուսների ներթափանցումը։ Մենք կարող ենք պատրաստել լավ կադրեր, որոնք կաշխատեն մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային վիրուսաբանության մեթոդներով։ Կարող ենք աշխատել նաև այլ մասնագետների հետ առաջնային սքրինինգ անելու համար։ Պետք է առանձին զարգացնել գիտական ուղղությունը Հայաստանում, և դա լոկոմոտիվի նման իր հետևից կշարժի մնացած ուղղությունները», - ասաց Զավեն Կարալյանը։
Նիստի ժամանակ ելույթներով և առաջարկություններով հանդես եկան առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։ Որոշվեց մշակել առաջարկությունների փաթեթ վիրուսային նոր համաճարակներին և համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման համար։ Առաջարկությունների փաթեթը կներկայացվի պատկան մարմիններին։
Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրենի գիտական գծով տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը, նույն մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, նույն համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը և Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ Կոնստանտին Մանուկյանը, գիտաշխատողներ»։