ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում երեխաները դասադուլ են անում. ինչն է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Բագարան վարչական շրջանի հիմնական դպրոցում, արդեն երեք օր է, դասադուլ է։ Պատճառը նոր կրթահամալիրի կառուցումն է, որի շահագործումից հետո վարչական շրջանի հիմնական դպրոցը կփակվի, և երեխաները ստիպված կլինեն հինգ կիլոմետր հատել ու կրթություն ստանալու համար գնալ հարևան Երվանդաշատ։

«Կառավարության ծրագրով որոշվել էր երկու գյուղերի համար կրթահամալիր կառուցել, ու մեզ ասվել էր, թե այն երկու գյուղերի մեջտեղում է լինելու։ Հիմա տեղեկացել ենք, որ Երվանդաշատի դպրոցի կողքին շինարարություն են սկսել, կրթահամալիր են կառուցում։ Բայց սա արվում է առանց շինթույլտվության։ Սեպտեմբերի 18-ի ավագանու նիստում նոր քննարկման է դրվելու այս հարցը, բայց շինարարությունն արդեն գնում է։ Ինչո՞ւ պիտի նման քայլ արվի, ինչո՞ւ պիտի առանց որոշման նման քայլի գնան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Բագարանի բնակիչ Զոհրաբ Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք, ի նշան բողոքի, երեք օր է, երեխաներին դպրոց չեն ուղարկում։

«Բացի այդ, մեր դպրոցում երեխաների թիվը կրկնակի շատ է Երվադաշատի դպրոցի աշակերտների թվից։ Մեզ մոտ նախակրթարանն ու մանկապարտեզը ևս դպրոցի տարածքում են, ու մոտ 150 սան կա։ Երվանդաշատում էլ է այդպես, ու ընդհանուր թիվը 75-ը չի անցնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Զոհրաբ Գալստյանը նշեց՝ իրենք տեղեկություն ունեն, որ մարզպետ Դավիթ Խուդաթյանը շինարարական աշխատանքները դադարեցնելու հրահանգ է իջեցրել, բայց դա իրենց չի բավարարում, քանի որ սեպտեմբերի 18-ի ավագանու նիստից հետո էլի աշխատանքները կվերսկսվեն, իսկ իրենց խնդիրն այն է, որ երեխաները այդքան ճանապարհ չկտրեն ու չհասնեն Երվանդաշատ։ 

«Ավելի լավ է՝ երկու գյուղերի մեջտեղում տեղ որոշվի, որ ծնողները երեխաներին ոչ թե հինգ, այլ գոնե 2.5 կմ ճանապարհ անցկացնելով տանեն դպրոց»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Տեղեկացնենք, որ մենք փորձեցինք կապ հաստատել նաև Բաղրամյանի համայնքապետի հետ, սակայն նա տեղում չէր։ Մեզ խոստացան, որ գալուն պես կապ կհաստատի մեզ հետ։ Սպասում ենք, որպեսզի նաև ներկայացնեն համայնքի տեսակետը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular