Փնտրվում է Վահագն Խաչատուրյանի խոսնակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոտ մեկ շաբաթ է՝ MediaHub-ը փորձում է կապ հաստատել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մամուլի խոսնակ Աղասի Մարգարյանի հետ, սակայն անօգուտ։ Նշյալ անձը որևէ կերպ չի արձագանքում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։
Թե ինչու է Խաչատուրյանի անձն այս փուլում այդքան հետաքրքրական մեզ համար, պարզաբանենք․ սեպտեմբերի 28-29-ին վերաօծվելու և հավատավոր ժողովրդի առաջ իր դռներն է բացելու Մայր Տաճարը, և մենք էլ ցանկանում ենք տեղեկանալ՝ Խաչատուրյանը մասնակցելո՞ւ է արարողությանը, թե՞ ինքն էլ այդ օրերին պաշտոնական այցով, բարեկամական կապերն ամրապնդելու համար ինչ-որ երկիր է մեկնելու, օրինակ՝ Մոզամբիկի Հանրապետություն։
Իհարկե, մենք այս հարցի պատասխանն ունենք, ինչպես և ցանկացած, ով այս տողերը կարդում է, բայց խոսնակները հենց դրա համար էլ գոյություն ունեն, որ հարցերին պատասխանեն:
Բայց մեր այս հարցն անպատասխան է մնում, քանի որ, ըստ էության, ինչպես շեֆը, այնպես էլ խոսնակը, ապրում են այլ իրականությունում, որտեղ աշխատանք ունենալու մասին մարդիկ հիշում են աշխատավարձ ստանալու օրը, երբ քարտին կլորիկ գումար է նստում։
Եթե վերը նշված տարբերակը չի համապատասխանում իրականությանը, ապա, թերևս մենք դիմենք ՆԳՆ և խնդրենք, որ սկսեն որոնողական աշխատանքներ իրականացնել՝ նախագահի խոսնակին գտնելու համար։ Իսկ մինչ այդ, մենք հրապարակային տարբերակով կանենք առաջին քայլը՝ նախագահի խոսնակին գտնելու համար։
Նարե Գնունի