ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրա թիմակից-հանձնակատարներն էլ՝ խմբակային, թե առանձին-առանձին, մի խոսքով՝ ՔՊ-ով ու սատելիտներով ականջակոշտուկում են «խաղաղության պայմանագիր» բառակապակցությամբ:

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում վերջերս գերիշխում է այն թեզը, թե Ալիևին առաջարկում ենք ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ չհամաձայնեցվածները... ընթացքում համաձայնեցնել:

Ու այս ամենից խրձերով հարցեր են ծագում: Խրձերից առանձնացնենք մեկ-երկու հասկ ու հատիկ-հատիկ դիտարկենք:

Նախ՝ «համաձայնեցված կետերի» մասին բազմաթիվ հայտարարությունների հորձանուտում անհետանում է առանցքային հարցը. իսկ կոնկրետ ինչի՞ վերաբերյալ է այս կամ այն կետը: Ի՞նչ կետեր են բանակցություններում քննարկվում, առհասարակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնությունները:

Փաշինյանն ու նրա շահերն սպասարկող «նիկոլփաշինյանները» սրա մասին լռում են: Այնինչ, ակնհայտ է, որ հայտարարված անմիջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրողը ադրբեջանական կողմն է: Փաշինյանական իշխանությունը եթե այդ բանակցություններում ինչ-որ դիրքորոշում դրսևորում էլ է, ապա այն հանգիստ կարելի է բնութագրել հայտնի անեկդոտային արտահայտությամբ, այն է՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Մի խոսքով, Հայաստանի, հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից այդ «բանակցություններում» ողորմելի վիճակ է. Կիրանցի հանձնումը, ուրացված Արցախի հիշատակումն անգամ «ջնջած ունենալու» փաստերը՝ հապացույց:

Դե, Արցախը ուրանալու և հայաթափելու, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու հարցում փաշինյանական իշխանության պաշտոնական դիրքորոշումը արդեն լրիվ բացահայտ է և օրերս ձևակերպվեց ամենաբարձր մակարդակով հնչեցված՝ մոտավորապես «հանձնել ենք, լավ ենք արել» դրոշմով:

Վերադառնանք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին», որով, ինչպես ասվեց, փաշինյանական իշխանությունն ուղղակիորեն արդեն ականջ է կոշտուկում: Դրա բովանդակությունն անհայտ է: Բովանդակությունն՝ իր հերթին: Անհայտ են գոնե համաձայնեցված (կամ քննարկվող) կետերի, այսպես ասենք, գոնե ընդհանուր բնութագրերն ու մոտեցումները:

Ոնց որ մեկին վարձես՝ որպես բրոքեր, որ քո անշարժ գույքի հետ կապված գործարք անի: Նա էլ գա, թե՝ «գործը կպել է, պայմանագիրը պատրաստ է»: Ու գույքատերը բռնում և պայմանագիրը կնքում է, իսկ հետո այն բացում է ու տեղեկանում, որ այդ գործարքի դիմաց ինքը ոչ միայն «օղաբլիթի անցք» է ստացել, այլև դեռ մի բան էլ պիտի մյուս կողմին գույքի հնգապատիկի չափով վճարի, իսկ վերջում էլ գնա ու մոտակա սակուրայի ծառից կախվի:

Չէ, իսկապես: Ի՞նչ է գրված այդ «պայմանագրում»: Դա «խաղաղությա՞ն պայմանագիր» է, թե՞ նոր կապիտուլյացիոն ակտ, դա «ղուշուգի՞ր» է, թե՞ «ղազագիր»:

Կամ՝ Հայաստանի Սահմանադրությունը «հեչ անելու», Անկախության հռչակագիրը չեղարկելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է: Կամ՝ Հայոց բանակը լուծարելու կետի շուրջ «կողմերը» համաձայնե՞լ են: Կամ՝ Հայաստանը հարյուր հազարավոր թուրքերով հեղեղելու կետին համաձայնե՞լ է:

Իրենք կասեն՝ ոչ: Բայց ասեն-չասեն, ո՞վ է տեսել, թե այնտեղ ինչ է գրված: Նկատի ունենք՝ նորմալ, ոչ պաշտոնյա հայերից ո՞վ է տեսել:

Երկրորդը, որ ոչ պակաս էական է: Խոսքը «եկեք համաձայնեցվածներն ստորագրենք, իսկ մնացածը՝ հետո» թեզի մասին է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ են այդպես շտապում: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացուցիչները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իրենց նախորդ ճառերում դա այնպես էին ներկայացնում, թե մի համապարփակ բան է լինելու, թե դա առկա խնդիրների խորքային լուծում է, այս, այն:

Հիմա արդեն «երգում են» համաձայնեցված ինչ-ինչ կետեր ստորագրելու, մնացածը հետո, ընթացքում, քիչ-քիչ ստորագրելու մասին:

Այդ դեպքում, կներեք, դա ոչ թե պայմանագիր է (անունն ինչ ուզում եք, դրեք), այլ ընդամենը «շրջանակային համաձայնագիր», կամ ավելի ցածր կարգավիճակ ունեցող մի բան, ասենք՝ «մտադրությունների մասին հուշագիր»:

...Գիտեք, երբեմն թվում է, թե Հայաստանի ու հայության վրա ինչ-որ դաժան գիտափորձ են անում՝ պարզելու համար, թե որևէ հասարակություն որքա՞ն կարող է հանդուրժել բացարձակապես անհանդուրժելին: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ կարող են ապահովություն ունենալ, չարաչար սխալվում են: Դուք երբեք ու երբեք չեք կարող պայմանավորվել մեկի հետ, որի նպատակը ձեզ բնաջնջելն է: Իսկ նրանք, ովքեր խաղաղություն են մուրում, միշտ ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ:

Առնվազն մինչև օրս «խաղաղության» մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունների շարունակությունը եղել են մարտական գործողություններ, կորուստներ, զոհեր, նոր սպառնալիքներ: Ըստ երևույթին, նույն փոցխի վրա ցատկոտելը սիրելի մարզաձև է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular