Newsweek. հայկական եկեղեցիների պաշտպանությունը պետք է լինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն ու Ադրբեջանը սկսել են մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը, գրում է Newsweek հրատարակությունը: Սակայն Հայաստանը պետք է պայման դնի Ադրբեջանի առաջ՝ դադարեցնել հայկական եկեղեցիների ոչնչացման արշավը, կարծում է հոդվածի հեղինակ հեղինակ Սթիվեն Պեչդիմալջիըը, բայց Բաքուն շարժվում է հակառակ ուղղությամբ, գրում է Inosmi.ru-ն։
Թեև Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կարելի է միայն ողջունել, սակայն Հայաստանը պետք է պայման դնի Ադրբեջանի առաջ. դադարեցնել հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը (հուշարձանները) ոչնչացնելու արշավը։ Ավելի քան 120 հազար հայերի իրենց պապենական հայրենիքից՝ Արցախից վտարվելուց հետո, այդ տարածքում նրանց գոյության փաստերի լիակատար ջնջման վտանգը մնում է առ այսօր։ Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության և Աստվածաշնչի թանգարանի վերջին հաղորդագրության, շուրջ 400 հայկական եկեղեցիներ և այլ կրոնական վայրեր են ենթարկվել հարձակման և վանդալիզմի, դրանք ամբողջական ոչնչացման վտանգի տակ են:
Հայաստանն առաջին ժողովուրդն էր, որ ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին, և նրա ինքնությունն ու մշակույթը սերտորեն կապված են քրիստոնեական հավատքի հետ, ինչն իր հերթին կարևորում է այդ պատմական հուշարձանների դերը ժողովրդի գոյատևման համար: Քրիստոնեությունը հայերին ծառայել է որպես մխիթարություն և աջակցություն նրանց ցավալի, բազմադարյա պատմության ընթացքում, որը եղել է համատարած հալածանքներով և զանգվածային տառապանքներով: Այդ պատմությունը ներառում է նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր սիստեմատիկորեն ոչնչացվեցին օսմանյան թուրքերի կողմից, ինչը Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են մինչ օրս:
Ահա թե ինչու այդ կրոնական վայրերի պահպանումը պետք է նախապայման լինի երկու երկրների միջև ցանկացած կայուն խաղաղության համար։ Ադրբեջանը, հարգելով և ընդունելով այդ պահանջը, ցույց կտա, որ իսկապես ցանկանում է խաղաղություն Հայաստանի հետ: Սակայն ներկայումս բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բաքուն շարժվում է հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանի նավթային դիկտատոր Իլհամ Ալիևը, օրինակ վերցնելով ավտորիտար ռեժիմներից, պատմական ռևիզիոնիզմը որպես պատրվակ օգտագործեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ չհայտարարված պատերազմ սկսելու համար։ Հայտարարելով, որ Հայաստանի տարածքի զգալի մասը հանդիսանում է Ադրբեջանի պատմական հողեր, Ադրբեջանի ղեկավարը երկկողմ արշավ է սկսել հայկական եկեղեցիներն ու կրոնական վայրերն իրենց «բնօրինակ» տեսքի բերելու համար: Ի սկզբանե այնքան էլ պարզ չէ, թե դրանք ի՞նչ տեսք կունենան գործնականում, սակայն պարզ է, որ Բաքուն ի սկզբանե է ծրագրել այդ օբյեկտների ամբողջական ոչնչացումը։ Վերականգնում իրականացնելու քողի տակ Ադրբեջանը Շուշիի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց անմիջապես հետո ավերել է Սուրբ Քրիստոս Փրկիչ պաշտամունքային տաճարը (Ղազանչեցոց եկեղեցին)։ Մայր տաճարը տարածաշրջանում հայկական ներկայության խորհրդանիշն էր։ Ավելի ուշ հայտնվել են քաղաքից այլ լուսանկարներ՝ հողին է հավասարեցվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքուն շարունակում է ոչնչացնել հայկական կրոնական և մշակութային վայրերը: Վերջին օրինակներից են Շուշիի 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերումը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու և ամբողջ Քարինտակ գյուղի քանդումը, որի տեղում այժմ մզկիթ է կառուցվում։
Չնայած մշակութային ցեղասպանության նման ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է ժխտել այդ կրոնական վայրերի պղծման փաստերը: Բաքուն նույնիսկ անտեսել է Միջազգային դատարանի նոյեմբերի վճիռը, որը կոչ էր անում Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա»:
2019 թվականի ամռանը՝ պատերազմական գործողությունների սկսվելուց մեկ տարի առաջ, հայերը խոհեմ հայացքով են նայել դեպի ապագան։ Ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները պատրաստել են 9-13-րդ դարերում կառուցված հայկական Դադիվանքի 3D սկանավորման նախագիծը: Ուսանողները ցանկանում էին օգտագործել այդ տեխնոլոգիայի հզորությունը կյանքի կոչելու հայոց պատմության ամենակարևոր վայրերից մեկը, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան տեսնել այն և տեղեկանալ Հայաստանի հարուստ մշակույթի և տարածաշրջանում ներկայության մասին: Նրանք չգիտեին, որ իրենց ջանքերը շուտով կվերածվեն պահպանության արշավի։ Այժմ, երբ այդ շրջանն ու վանքը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում, ուսանողների Դադիվանքի ուսումնասիրությունը կարող է դառնալ Հայաստանի ժառանգության պահպանման միակ խորհրդանիշը, քանի որ Ադրբեջանը շարունակում է վերաշարադրել պատմությունը:
Այնուամենայնիվ, կառույցի թվային ստեղծման և բուն ֆիզիկական վայրի միջև զգալի տարբերություններ կան: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ երկրաշարժերից ու պատերազմներից փրկված հայ ազգի կրոնական և մշակութային հաստատությունները մնան անձեռնմխելի։ Ադրբեջանի ռազմատենչությունն ու ագրեսիան շատ առումներով կրոնական հալածանքի անդրսահմանային ձև է, որը պետք է անհապաղ դադարեցվի:
Դժվար է հավատալ Ադրբեջանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ խաղաղություն են ուզում Հայաստանի հետ, և միաժամանակ փորձում են ոչնչացնել հայերի կրոնական և մշակութային ինքնության ապացույցները: Ադրբեջանը պնդում է, որ հանդուրժող և գոյակցող է տարբեր կրոնների հետ, բայց նա երկար ճանապարհ ունի անցնելու դրան հասնելու համար։ Բաքուն կարող է սկսել նրանից, որ առաջնահերթություն դարձնի Արցախում հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանումը։ Իսկ ցանկացած գործողություն, որը չի համապատասխանում այդ ընթացքին, պետք է խոչընդոտ դառնա ցանկացած կայուն խաղաղության հաստատմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը