ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ձայները և մութ ու ցուրտ տարիների արտացոլանքը Ս.Հարությունյանի մի քանի պատմվածքներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժամանակակից հայ պատմվածքի ներկայացուցիչներից մեկի՝ Սուսաննա Հարությունյանի մի քանի պատմվածքները՝ բացահայտելով դրանց թեմատիկ առանձնահատկությունները: Այս նպատակին հասնելու համար մենք փորձել ենք լուծել հետևյալ խնդիրները.

1. Բացահայտել Ս. Հարությունյանի տեղը ժամանակակից արձակում:

2. Ներկայացնել Ս. Հարությունյանի պատմվածքների գաղափարական հարստությունը:

Ս. Հարությունյանի ստեղծագործական գործունեությունն այսօր նշանակալի երևույթ է մեր գրականության մեջ, քանի որ նա միջին սերնդի այն ներկայացուցիչներից է, որ, իրավամբ, գրական շարժմանը տոն է տալիս: Տարիներ շարունակ գլխավորել է «Կայարան» հանդեսի հրատարակությունը՝ իր շուրջը համախմբելով հայ պատմվածքի նշանավոր դեմքերին և ժամանակակիցներին (Հրաչ Բեգլարյան, Արարատ Գյուլբանգյան, Նարինե Կռոյան, Հովիկ Վարդումյան, Հրաչյա Սարիբեկյան և այլք):

Սուսաննա Հարությունյանի ստեղծագործություններում կարծես միահյուսված են սովորականն ու անսովորը: Պատկերել է կենդանի իրականությունը, կյանքի բնական տարերքը: Գրողն իր յուրօրինակ աշխարհընկալմամբ, մարդկանց ու կյանքը քննելու պարզ, բայց ոչ պարզունակ բնորոշումներով, պատկերավոր մտածողությամբ առանձնանում է ժամանակակից հայ արձակի այլ ներկայացուցիչներից: Հատկապես վաղ շրջանի ստեղծագործություններում առանձնակի տեղ է գրավում բնապատկերը, որը, ըստ էության, կյանքի անբաժան մասն է: Հեղինակը զուսպ է, սակավախոս, նրա հերոսները կարիք չունեն բառերի, խոսքի, քանի որ նրանց ներքին խոսքը «պերճախոս է» իր լռությամբ:

Ահա նրա «Հավերժություն» ժողովածուի համանուն պատմվածքում գրողը ներկայացնում է մերձճակատային գյուղի առօրյան՝ իր հերոսականությամբ, ծանրագին կորուստներով, չարին ու մահվանը հակադրվելու համառությամբ: Պատմվածքում մայրը նույնիսկ գլխավերևում պտտվող ռմբակոծիչի տակ պատրաստ է ջոկջկելու թառամած կարտոֆիլը. «Թառամածները մի կողմ հավաքիր,ասաց նա,-դրանք չարժե ցանել: Ամեն սերմ իր նման պտուղ է տալիս» [3, էջ 5]: Հերոսները շարունակում են մտածել հարատևող, շարունակվող կյանքի մասին, թեև ամեն մի նոր օր իր հետ բերում է նորանոր մահեր ու կորուստներ: Եվ այդ մահն էլ կարծես այլևս վախեցնող չէ. պատերազմը թմրեցնում ու անտարբեր է դարձնում մարդուն. «Շղթաներին ընտելացած գազանի հանդգնությամբ, մենք այլևս չէինք վախենում նրանից: Զինվորին դա դուր չէր գալիս: Հավանաբար նա ուզում էր, որ մենք վախից կծկվեինք ուղղաթիռի ամեն պտույտի ավարտին: Մենք աչքի տակով նայում էինք նրան և չէինք էլ մտածում նրա մասին: Զինվորը մեզ համար դարձել էր օդում ճոճվող պարտադիր պատրանք, ինչպես մոծակները՝ ծովափին» [3, էջ 6]:

Ս. Հարությունյանի հաջորդ ժողովածուն՝ «Դարավերջի երկուշաբթին», սկսում էր ստանալ շեշտված շերտեր ու բովանդակություն՝ բառապաշարից մինչև բնապատկեր ու բնավորություն: Հեղինակը սիրում է ուժեղ պատկերներ, հատու խոսքեր. «Մեռնել ով ասես կարող է, դժվարը ապրելն է», «Հիմա, որ ինձ խաչեն էլ, դժվար թե ցավը մեջս արցունք ծնի», («Զորավոր վախճանը»): Չի գովազդում, ընդհակառակը միտումնավոր հասարակացնում է ամեն ինչ: Իր այս ժողովածուի թեման ևս պատերազմն է, որը բերում է ավերածություններ, մարդկային կորուստներ և ստիպում մարդուն անտարբեր դառնալ այդ երևույթի նկատմամբ: Գրքի առաջին պատմվածքում՝ «Աշխարհի վերջը», հեղինակը գեղեցիկ բնապատկերների կողքին ներկայացրել է պատերազմի հետևանքներից մեկը: Պատերազմ է, տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ, նրանց վերադառնալու հույսն էլ չնչին է: Երկու հարևանուհիներ առանց երկմտելու նստում են մարդատար մեքենան և անծանոթ տղամարդկանց հետ հեռանում՝ թողնելով անգամ հարազատ երեխաներին և չմտածելով նրանց ապագայի մասին.

«- Բա մեր երեխանե՞րը,- շարունակեց դարդ անել հարևանուհիս:

-Ա՜հ, պատերազմի տարի է, տղամարդիկ՝ քիչ. մեկնումեկը կամուսնանա մերոնց հետ… Երեխան էլ որ կա, շան թուլա է, ով դեմը բան նետեց, նրա կողմն էլ կգնա… Վախենում ես տիրություն անող չլինի՞» [ 1, էջ 6]:

Պատերազմական թեման իր նոր շերտերով տեսնում ենք «Զորավոր վախճանը» ստեղծագործությունում: Պատմվածքում հերոսի մայրը ռազմաճակատում վիրավորվել է, և հիմա մահամերձ պառկած է անկողնում, իսկ որդին չի հավատում, թե մայրը կարող է վախճանվել: Հոգեվարքի մեջ մայրը խնդրում է որդուց ընդամենը մի բան՝ ողբալ իր վրա, բայց որդին դա էլ չի կարող անել. չէ՞ որ « պատերազմ տեսած մարդուն դժվար է լացացնել»: Մարդիկ մահանում են և նույնիսկ պատշաճ կերպով չեն թաղվում: Մոր մահից հետո որդին նրան գորգի մեջ է փաթաթում և սայլով գերեզմանատուն հասցնում, իսկ գերեզմանափոսը փորելիս էլ մտածում է առանձին տեղ վերցնել իր համար: Տարօրինակ սառնասրտություն. պատերազմը մարդկանցից խլել է ամեն պատշաճություն ու զգացմունք, դարձրել անսիրտ ու անզգացմունք:

Էլ ի՞նչ կարող է բերել պատերազմը. մարդկային դիեր, դառնաղի արցունքներ, անպատասխան մնացած նամակներ, որդու վերադարձին սրտատրոփ սպասող մայրեր: Ռազմաճակատ մեկնածները քնում են արևը, այսինքն՝ Աստծո դեմքը տեսնելու հույսով: Զոհվածների դիերը տեղափոխող վարորդը այլևս չի վախենում մահից, մահը լավագույն պատիժը կլինի իր համար. այդ պայմաններում դժվարը ապրելն է: Պատերազմն էլ մի տեսակ ապրելու ձև է դառնում հերոսների համար. «Մահը լավագույն պատիժն է, ինչու՞ վախենամ… և ընդհանրապես՝ ինչի՞ մտածեմ դրա մասին, երբ իմ գործը ապրելն է: Չգիտեմ՝ դու ո՞նց, բայց ես մինչև խորը ծերություն էսպես կառչած մնալու եմ ղեկին. գնալու եմ ու գամ մարտադաշտ և ետ: Զոհվածների դիերն եմ հասցնելու հողին, հարազատների նամակներն եմ տանելու լալկան նորակոչիկներին, վիրավորին՝ բժիշկ եմ հասցնելու, փախչողին՝ տանելու եմ ետ, վախկոտի վրա գոռալու եմ… Ծանր է. գնալու եմ ու գամ…» [1, էջ 14]:

Պատմվածքի հերոսը հավատացած է, որ «արևը Աստծո դեմքն է, և մենք այն տեսնում ենք ամեն օր»: Պետք է անկախ ամեն ինչից շարունակել ապրել, առանց պատերազմի մենք չէինք հասկանա, թե ինչ է խաղաղությունը, և այդ պատերազմն ու խաղաղությունն էլ նույնն են, ինչ արևն ու լուսինը. երբեք չեն հանդիպում իրար, բայց պայմանավորված են մեկը մյուսով: Իր բեռնատարը նստած կնոջ հետ սկսում է սիրաբանել, և այդ կինը պատկերացում անգամ չունի, թե այդ բեռնատար մեքենայով տասնութից քսան տարեկան երիտասարդների դիեր են տեղափոխվում: Իմանալով դա՝ սարսափից կարկամում է: Մահվան կողքին՝ կյանք. սա էր, ըստ էության, այս դրվագի իմաստը:

Մարդիկ անտարբեր են դարձել մահվան ու պատերազմի հանդեպ: Այդպես լինում է մեծ լքումի դեպքում՝ «Եկողին ո՛չ ասելիք է մնացել, ո՛չ ապրելիք»: «Դարավերջի երկուշաբթին» պատմվածքի հերոսուհու տատն էլ արդեն լոկ մտասևեռումով է ապրում, կապն աշխարհի հետ կորցրել է այն օրից, ինչ հարևանի երկու տղաների մահվան լուրն է ստացել: Սկզբում ձևացրել է, թե ոչինչ չի պատահել, բայց հետո խենթացել է. «Հիմա ուրիշ է. կյանքի առաջ փակվել է, քաշվել անցյալի մեջ… Մի գլուխ անցյալն է հիշում՝ էն էլ թարսուշիտակ» [1, էջ 33]:

Ինչքա՜ն ճակատագրեր են խեղվել այդ գրողի տարած պատերազմի պատճառով: Ս. Հարությունյանը այս ժողովածուն գրել է 2002 թ.–ին, և նա գուցե պատկերացում անգամ չուներ, թե իր պատմվածքներում ներկայացված դրվագները մենք նորից տեսնելու էինք 2016-ի ու 2020-ի ահասարսուռ պատերազմների ժամանակ, երբ բազմաթիվ զինվորներ ու հրամանատարներ նահատակվեցին՝ իրենց հայրենի հողին ու հարազատներին կարոտ մնալով: Շատերն էլ շարունակեցին ապրել՝ պատերազմի դաժան կնիքը իրենց ճակատներին դրոշմած՝ անդամալույծ դարձան: Ահա այս պատկերը մենք տեսնում ենք հեղինակի «Բաբելոնյան աշտարակաշինությունը» պատմվածքում:

Հիվանդանոցի այգու ծառի տակ երգում է անդամահատված զինվորը: Այժմ նրան միայն դա է մնում անել: Կոշկակար է եղել, և գործն էլ շահութաբեր: Ականի վրա կանգնելու հետևանքով կորցրել է ձեռքն ու աջ ոտքը, ձախ ոտքն էլ բժիշկներն են կտրել: Սակայն հետաքրքիրն այն է, որ հավատացած է՝ ամեն բան լավ է լինելու և պատերազմն ավարտվելու է. «Ցանկացած խավարի ետևում լույս կա» [1, էջ 38]: Ժամ առ ժամ ավելանում է իր նմանների թիվը: Ընկերներից մեկը զրկված է երկու ոտքից, բայց կարողանում է շատ լավ սուրճ պատրաստել, քանի որ ձեռքերը դեռ տեղում են, նրանցից մեկին էլ հաջորդ օրն են անդամահատելու: Նրանք երգում են, անասելի բարձր են երգում՝ խանգարելով մնացած հիվանդների հանգիստը: Հերոսուհին խնդրում է նրանց լռել. մայրը ծանր հիվանդ է, վնասվածք ստացած երեխան նրանց ձայնից չի կարողանում քնել, բայց մեկն է պատասխանը. «Երգելն ի՞նչ է, որ արգելում ես, ո՞նց լռենք. ձեռք չունենք, ոտք չունենք… Ցանել չենք կարող, քաղել չենք կարող, գրկել չենք կարող, կանգնել չենք կարող, փախչել չենք կարող. մի երգել է մնում, դա՞ էլ չանենք: Դա էլ որ չանենք՝ կմեռնենք…» [1, էջ 42]: Նման դեպքերում մահը գերադասելի է դառնում:

Ծանր է ապրել սահմանամերձ գյուղում, սակայն այդտեղ էլ կյանքը շարունակվում է, և պատերազմը դառնում է ապրելու ձև («Պատարագ»): Հատկանշական է պատմվածքի սկիզբը. «Երբ հացն սկսում է թանկանալ, և մարդիկ դադարում են զարմանալ, ուրեմն պատերազմ է» [1, էջ 43]: Այսպիսին է պատերազմը, այն իր ահասարսուռ կերպարանքով մեզ է ներկայանում և իր ապրելաոճը թելադրում. «Մենք սովորել էինք միաժամանակ և՛ լալ, և՛ ժպտալ, և՛ կյանք տալ, և՛ սպանել, և՛ մեռնել, և՛ ապրել» [1, էջ 44]: Մարդիկ փորձում են արժևորել ոչ միայն կյանքը, այլև… մահը՝ արժանապատիվ մահախոսականով: Ահա այդպիսի մահախոսական է ցանկանում ունենալ պատմվածքի հերոսուհին, ժամանակը հաշվված է, ամեն պահի կարող է արկը ընկնել տան վրա՝ անկատար թողնելով իր ցանկությունը. «Ի՞նչ է նշանակում մահամերձ չես, երբ ամեն րոպե արկը կարող է ընկնել քո տան վրա:

Մենք սպասելու ժամանակ չունենք: Մենք չենք կարող այդպիսի սխալ թույլ տալ, երբ մեր ապրելու ժամանակը հաշվված է փշրանք առ փշրանք» [1, էջ 46]: Մահախոսականը խոստացել էր գրել դպրոցի տնօրենը, բայց նա էլ այլևս ողջ չէ: Աղջկա խորհրդով որոշում են դիմել գյուղի քահանային, բայց մերժվում են: Սարսափելին վերջին դրվագն է. տուն հասնելուն պես մայրը խնդրում է աղջկան գրել իր մահախոսականը: Այդ մահախոսականն այսպիսի սկիզբ է ունենալու. «Մահը միակ դեպքն է կյանքում, երբ մարդը վճարում է կանխիկ, իսկ նա տվել էր ավելին, քան ստացել էր, և պետք է նրա մահը գար ժամանակին» [1, էջ 45]: Աղջկա այն հարցին, թե որտեղից նրա մեջ այդքան դաժանություն, մայրը մի պատասխան ունի՝ Պատերազմ է:

Պատերազմ է նաև մարդկային հոգիներում: Իր հաջորդ՝ «Շան կյանք» վերնագրով պատմվածքում հեղինակն այս անգամ անդրադարձել է մարդկային հոգու պատերազմին: Պատերազմ, որը երբեմն ավելի կործանիչ է դառնում, քան իրական պատերազմը: Գլխավոր հերոսուհին ունի ամեն ինչ՝ առանձնատուն, աշխատանք, հարազատներ, ծանոթներ, բայց հիմա մի քոսոտ, թափառաշրջիկ շան կողքին, մուրացկանի նման դողդողալով՝ գիշերն է անցկացնում: Ամուսինը դավաճանել է նրան, իսկ ինքն էլ ուժ չունի տուն վերադառնալու համար: Տեսել է անծանոթ կնոջն ամուսնու գրկում ու պատերազմն իր հոգում՝ անխոս հեռացել է: Հիմա իր կյանքը նման է այդ շան կյանքին, որը պարզապես իր գոյությունն է քարշ տալիս: Բայց հերոսուհին պատրաստ է փրկել այդ շան կյանքը: Տիրամոր կերպարանքով իր ոսկյա մեդալիոնը առաջարկում է շուն հավաքող Արշոյին, որ թողնի իր հետ տանել շանը, բայց մերժվում է: Նա փորձում էր փրկել իր նմանի կյանքը:

Շարունակվում է պատերազմը մարդկային հոգիներում: Հուսահատությունից ու անզորությունից մարդիկ երկու ելք ունեն՝ կամ սպասում են Աստծո օգնությանը, կամ ինքնասպան լինում («Ինձ լույս է խոստացված»): «Ես արեցի այդ երկուսը միաժամանակ» [1, էջ 57]: Ահա այսպիսի հոգեվիճակում ենք հանդիպում պատմվածքի հերոսուհուն:

Նա կարծես պատերազմի մեջ է գիշերվա ու խավարի դեմ, իսկ այդ գիշերն էլ երկու մասից է կազմված՝ մարդուց ու խավարից: Նրա համոզմամբ խավարն ավելի ուժեղ է մարդուց: Ինքնասպանության փորձից հետո նետվում է դուրս, սկսում է քայլել՝ փորձելով քայլ առ քայլ սպառել այդ խավարը, հանրագումարի բերել կորցրածն ու գտածը: Ցավալին, սակայն, այն է, որ նա աղբամաններից շիշ հավաքող տղամարդուց է՛լ ավելի վատ վիճակում է, որովհետև այդ մարդը գոնե ընտանիք ունի, իր մասին մտահոգվող մարդիկ կան, ոչ թե հերոսուհու նման միայնության է դատապարտված: Առանց մտածելու տրվում է այդ տղամարդուն՝ փորձելով, գուցե, այդ կերպ իրեն պիտանի զգալ: Աղբամանի կողքին կանգնած՝ հանկարծ լսում է կատվի մլավոց. վերևի պատշգամբից ինչ-որ մեկը աղբամանն է նետել կատվի փոքրիկ ձագի: Խղճահարությունից կինը փորձում է սկզբում դուրս հանել ձագին աղբամանից, բայց հետո փոշմանում է. իր միայնությունը լրացնող էր պետք մինչև լուսաբաց:

Հերոսի խոսքերը բացահայտում են նրա ներաշխարհը. «Միակ բանը, որ անընդհատ արել եմ՝ մեռել եմ: Քանզի մահն է դեպի Աստված տանող միակ ուղին: Մնացած ճամփաները փակ են մեր առջև, ինչպես խուլ ականջ» [1, էջ 69]: Սա կարող է վերաբերել բոլոր զգացող ու մտորող անհատներին:

Ս. Հարությունյանի երրորդ ժողովածուն՝ «Լուրեր կյանքից», լույս է տեսել 2006թ.-ին: Այն հայ ժողովրդի ապրած ցուրտ, մութ, կիսաքաղց տարիների և այդուհետ մարդկանց հոգեկան աշխարհում արժեքների փոփոխության մասին է, որին հաճախ մեր հիշողությունը անգոյության է դատապարտում: Ժողովածուն ընդգրկում է երեք վիպակ և յոթ պատմվածք:

Շատ դաժան օրեր է ապրել մեր ժողովուրդը՝ սով, քաղց, մութ ու ցուրտ տարիներ: Գրողը կարծես գեղջկուհու դիմակ է հագնում և դիմում հանրությանը: Ուշագրավ օրինաչափությամբ 2006-ից ի վեր բոլոր «կյանքի լուրերը» կրկնվել ու կրկնվում են՝ յուրացումներ, գների բարձրացում,խաբեբայություններ: «Մեր օրերում մարդ լինելը քիչ է կյանքին տեր դառնալու համար» [9,63]: Փոխվում են նաև բնապատկերները, բացակայում են նախկին վառ գույները. հիմա համատարած գորշություն է, սառնություն:

Այս թեմաներն իրենց նոր շերտավորումերով տեսնում ենք «Հորս արև… և նման բաներ» պատմվածքում: Պատմվածքի հերոսին՝ Արամին, հանդիպում ենք մսավաճառի հետ զրույցի ժամանակ, որի «ազնվությունը» փաստաթղթով վավերացված՝ «Հորս արև, ինձ մոտ մեկ կիլոգրամը հավասար է մեկ կիլոգրամի», փակցված է կշեռքին: Վաճառողներին հատուկ «ազնվությամբ» է միսը վաճառում: Քաղցից ու սովից տանջահար մեր հերոսը խնդրում է մսավաճառից ընդամենը կես կիլոգրամ միս, այն էլ ապառիկով, քանի որ վճարելու հնարավորություն չունի: Բայց մսավաճառը հրաժարվում է տալ և առաջարկում է ցամաք հաց գնել:

Արամը այդ ցամաք հացն էլ չի կարող գնել, որովհետև «շրջակա բոլոր հաց, մածուն, ջուր և առհասարակ ուտելի որևէ բան վաճառողներին արդեն պարտք է այնքան, որ եթե երկնքից ոսկի թափվի, էլի չի կարողանա մարել պարտքերը» [2, էջ 143]: Որոշում է խաբել վաճառողին, ասում է, թե իբրև ծնունդն է, բայց դա էլ ոչինչ չի փոխում: Երկար թախանձանքներից հետո թողնում հեռանում է: Հերթական անգամ մոտենում է թերթավաճառին և մի օրաթերթ վերցնում (իհարկե, առանց վճարելու) և սկսում է գանգատվել. «-Ո՞վ կհավատար… Ես, որ Աստծո կողքին կանգնած եմ աշխարհի արարման օրից, այսպես դաժանորեն կտանջվեմ սովից» [2, էջ 144]:

Այդ վիճակից դուրս գալու ելքը աշխատանքն էր: Բայց այդ աշխատանքային պայմաններն էլ ծիծաղելի են ու անհեթեթ.

«Ֆիրման փնտրում է տասնհինգամյա կույս օրիորդ՝ Արաբական էմիրություններում շեյխի քսանհինգերորդ կնոջ աշխատանքի համար: Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Հեռ. 94563»[2, էջ 145]:

«Դիարանը ցանկացողներին առաջարկում է եկամտաբեր՝ մեռել լողացնողի աշխատանք: Վարձատրությունը՝ ապրանքով. երեք դի հաջող լողացնելու դեպքում՝ չորրորդը ձերն է: Ցանկացողները դիմեն՝ Կորյունի 1000» [2, էջ 145]:

Բայց ողբերգականը միայն սա չէ. մարդիկ, այսպիսի պայմաններում ապրելով «կորցնում են իրենց կյանքը» և խելագարության հասնում. «Կորցրել եմ կյանքս, ջրի գնալու ճանապարհին, ամառային այն օրը, երբ խճերը քարաքոսից դարձել էին պտավոր ու համարյա չէին տարբերվում նախշավոր գորտերից, եթե միայն գորտերն իմ ոտնաձայնից խրտնած չթռվռային… Չեմ կարծում, թե նման բաները կորցնելուց հետո գտնվում են, բայց գտնողին խոստանում եմ մեծ պարգև:

Զանգահարել՝ 12223, Կարինե Ավետիսյանին»: [2, էջ 145]:

Իր կերպարների օրինակով՝ գրողը փորձել է ցույց տալ շատ-շատերի ընդհանրական վիճակը: Մարդիկ սոված ու ծարավ իրենց գոյությունն են քարշ տալիս, իսկ կյանքն էլ մղձավանջ է դառնում:

«Լուրեր կյանքից» ժողովածուի յուրօրինակ պատմվածքներից է «Հայրենիքից եկող գնացքը» պատմվածքը: Ռուս գաղթական Տոնյան արդեն վաթսուն տարի է՝ ապրում է հայկական գյուղում: Սիբիրներից սերն է նրան բերել Հայաստան: Հարս ու տղա ունի, որոնք նրան մոռացության են մատնել և անպետք իրի նման դուրս շպրտել տանից: Խեղճ կինը հիմա ստիպված ապրում է այլևս լքված ձուկգործարանի կիսաքանդ շենքում, ուր ցուրտ գիշերներին անտեր շներն են պատսպարվում: Նախքան Բաքվի ու Սումգայիթի ջարդերը Տոնյան գյուղի միակ մուրացիկն է եղել, բայց ջարդերից հետո, երբ «ջնջխված, պատվազրկված, ամեն ինչ կորցրած ու կյանքները տանուլ տված» հայերը վերադարձան, նա դարձավ գյուղի արգահատելի մարդը. Եկողները պատմել էին. «Սովետական զորքի աչքի առաջ մեզ մորթեցին: Ռուսները կարող էին ջարդերը կանխել, ու չարեցին: Կատարվելուց հետո էլ՝ աչք փակեցին» [2, էջ 150]: Բայց Տոնյան չէր վիրավորվում նրանցից. «անհալ-սոված» մարդը ցանկացած վիրավորանք կուլ է տալիս: Հաց հավաքելը իսկական արհեստ էր դարձել նրա համար. ո՛ր տան երդիկից ծուխ էր ելնում, այդտեղից իր բաժինն էր փնտրում:

Մուրացկանությունից խուսափելու համար մի ելք է տեսնում Տոնյան՝ վերադառնալ հայրենիք՝ Ռուսաստան: Գյուղացիները ողջունում են գաղթականի այս որոշումը, նույնիսկ նրա հետ տնական օղի, չիր, մորթած հավ, «պո պ ո քի մու ր ա բ ա » ե ն դնում(«Տոնյայի օժիտը») և ճանապարհում: Ամիսը չլրացած՝ Տոնյան «հայրենիքից եկող գնացքով» վերադառնում է: Հարազատների կողմից էլ էր մոռացվել: Նրանից ազատվելու միակ միջոցը դառնում է ծերանոցը.

«… Հարևաններով նրա համար օժիտ ու ուտելիք չդրինք՝ մենք ու մենք էինք, այլևս պետք չէր ռուսներին զարմացնել մեր մարդկայնությամբ, և ոչ էլ գնացքը գնաց ամիսներով… Գյուղից Երևան մոտ էր՝ ինչ-որ երեք հարյուր կիլոմետր… Շրջիկ վաճառականի «Վիլիսով» նրան ուղարկեցինք ծերանոց» [2, էջ 154]:

«Գյուղն ուներ գերեզմանոց՝ խաչ ու խաչքարով, դպրոց-մանկապարտեզով, հող ու արոտ, ուներ իր գրողն ու բոզը, մարդասպանը՝ միանգամից երկու հոգի կացնով փռած, տվել էր մտավորականներ՝ անասնաբույժ ու մանկավարժ, դերասան՝ գավառական թատրոնում կատվի դեր խաղացող, նույնիսկ գիտնական «Ոչխարների գենետիկան» թեզով իրեն հաստատած, և անգամ ղժղժան քաղաքական գործիչ…» [2, էջ 155] («Անհայտության վայրկյաններ»): Ահա այս գյուղի բնակիչ է պատմվածքի հերոսը՝ Համոն, որը, սակայն, շատ դժգոհ է իր ապրելավայրից, որովհետև «այդ մեծ աշխարհում» իրենց հարևան էր ընկել Հայկուշը, որը մարմնավաճառությամբ է զբաղվում իր գոյությունը պաշտպանելու համար: Այդ մտորումների մեջ է Համոն, երբ հայտնում են ցավալի լուրը. իբրև թե վթարից անհասկանալի հանգամանքներում մահացել է եղբայրը: Շտապում է հիվանդանոց՝ եղբոր դին տեսնելու:

Հիվանդանոցի միջանցքում՝ պաղ հատակին, անդագաղ սահմաններից բերված երեք ջահել դիակ է շարված: Գումար չկա նրանց թաղելու համար: Եղբոր դագաղի համար Համոն դիմում է գյուղխորհրդին, բայց մերժվում է. «- Մարդիկ խրձերով են մեռնում, որի՞ն հասնես»,-պատասխանում է գյուղապետը: Ահա այսպիսի կառավարության ղեկավարության տակ են ապրում մարդիկ: Չքավորության պատճառով դիմում են ցանկացած աշխատանքի, շատերը անթաղ են մնում, իսկ մարդասպաններն էլ չեն պատժվում: Այդ պայմաններում մարդիկ կարծես իրենց անհայտության վայրկյաններն են ապրում:

90-ականները շատ բան սովորեցրին մարդկանց: Սովորեցրին ցանկացած աշխատանք կատարել, խաբելու, քծնելու «արհեստը» կատարելագործվեց, մուրալու ճիշտ ձևերը իմացան:

Ս. Հարությունյանի հաջորդ պատմվածքը վերնագրված է այսպես՝ «Պեռաշկու սինդրոմ»: Վերնագրի բացատրությունը հիշեցնում է անեկդոտ. «մեկը գնում է մսով պեռաշկի գնելու: Վերցնում է, կծում՝ մեջը բան չկա: «Բա միսն ու՞ր է»,- հարցնում է:»Հլա չես հասել,- ասում է վաճառողը,- մի հատ էլ կծիր»: Էլի է կծում, միսը չկա: «Մի հատ էլ որ կծես…»,- համոզում է վաճառողը: Սա էլի է կծում. «Չկա, ա՛յ ախպեր, միսն ու՞ր է», «Արդեն անցար»,- ասում է վաճառողը» [2, էջ 169]:

Ահա այսպիսի «պեռաշկու սինդրոմով» է տառապում մեր պատմվածքի հերոսուհին՝ Սաթիկը: Կյանքը նրան կարկանդակներ վաճառելու աշխատանքն է առաջարկել, և նա էլ դժգոհ-դժգոհ կատարում է՝ Աստծուց ու մարդկանցից խռոված: Բայց նրա դժգոհությունը հետզհետե մարում է այն ժամանակ, երբ տեսնում է իր մուշտակը հագած մուրացիկին: Խորհրդային տարիներին այդ մուշտակը քրոջ ամուսինը Հունաստանից էր բերել կնոջը: 15 տարի հագնելուց հետո էլ մուշտակն իրենն էր դարձել: Սաթիկը որոշել էլ այն փոքրացնել և աղջկան հագցնել: Գրեթե միշտ էլ այդպես է, չէ՞. ինչ պայմաններում էլ որ ապրում ես, մշտապես դժգոհ ես, քանի դեռ քեզանից ավելի վատթար վիճակում գտնվողին չես հանդիպել: Խղճահարությունից դրդված՝ հղի մուրացիկին է տվել իր հին մուշտակը ու հիմա էլ շնորհակալություն է հայտնում Աստծուն իր բախտի համար… «փառք քեզ, Աստված, որ դա ես չեմ: Շնորհակալ եմ Աստված ջան,որ ինձ էնքան բախտավոր ես ստեղծել, որ դա ես չեմ»: [2, էջ 174]:

Ինչքա՜ն մեծ դերակատարում ունի Աստված մեր կյանքում: Հաջողության հասնելու համար աղոթում ենք Աստծուն, նեղն ենք ընկնում դարձյալ նրա օգնությունն ենք ակնկալում: Երբեմն էլ ապրում ենք՝ հավատացած, թե հրեշտակները մեր կողքին են. չէ՞ որ նրանց «վերերկրային իրավունքը» երկրում ապրելն է: («Հրեշտակի վերերկրային իրավունքը»):

Ի տարբերություն նախորդ ժողովածուների՝ «Լուրեր կյանքից» ժողովածուի պատմվածքներում նկատելի է հստակ սյուժե՝ համապատասխան զարգացումներով: Հերոսներն անձնավորված են, որոշակի ու տպավորիչ: Պատմվածքներ կան, որոնք առաջին հայացքից թվում են, թե անավարտ են: Սա ևս գեղեցիկ հնարք է, այսինքն՝ գրողը «բաց տարածք» է թողնում և հնարավորություն է տալիս մտորելու և սեփական ավարտամաս հորինելու: (Օր.՝ «Կռնատ խրտվիլակը» պատմվածքը): Կա հստակ թեմա՝ ժողովրդի ապրած մութ ու ցուրտ տարիները, որը առանձին ճյուղավորումներով տեսնում ենք պատմվածքներում:

Այսպիսով՝ Ս. Հարությունյանը պատկերել է իրականությունն այլ՝ ուրիշների աչքին կարծես չնչին թվացող տեսանկյունից։ Պատկերել է հասարակ մարդուն, որը խեղճացել է կյանքի արհավիրքների դիմաց։ Եվ ի վերջո պատկերել է պատերազմ, որի ձայներն անընդմեջ ապրում են մարդկային հոգիներում։

                                                                                                                                                                                                                                                  ՆՈՆԱ ԹԱԹՈՅԱՆ

                                                                                                                                                                                                                                                           ուսուցչուհի

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հարությունյան Ս., Դարավերջի երկուշաբթին: Երևան: «Զանգակ» հրատ.: 2002: 95 էջ:

2. Հարությունյան Ս., Լուրեր կյանքից: Երևան: «ՍԱՄԱՐԿ» ՍՊԸ տպագրատուն: 2006: 184 էջ:

3. Հարությունյան Ս., Հավերժություն: Երևան: «Նաիրի» հրատ.: 1996,68 էջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular