ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգ-խաշլամա վիճակ» 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի (Հայաստան) ներկայացուցիչ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես են հանրապետության բնակիչներն արձագանքում Մերձավոր Արևելքում նոր լարվածությանը և պայթյունի սպառնալիքին, բոլոր հարևանների և հակառակորդների ակտիվ շփումներին, դրանց շարունակականությանը, բաց և ստվերային բանակցություններին և Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցին, գրում է eadaily.com-ը։

«Մենք այդ ամենին արձագանքում ենք հեծանիվով, պոեզիայի և խաշլամայի փառատոններով, ընդդիմության կամաց-կամաց վերադարձով արձակուրդից (կամ չվերադարձով) և, ընդհանրապես, անելիքների իսպառ բացակայությամբ», - ցավով նշել է փորձագետը։

«Մենք արդեն վարժվել ենք Հարավային Կովկասում մեր անմիտ ու անիմաստ կույր աղիքի դերին։ Դա, սակայն, թյուր պատկերացում է, քանի որ այս տարածաշրջանում մենք ուրիշներից ավելի անհույս ու անհեռանկար չենք, եթե խելամտորեն կառավարենք մեր երկիրը, դադարեցնենք հասարակության բարոյալքումը։ Մեր այսօրվա ընդհանուր վիճակը մեծ հաշվով կարելի է անվանել ազգ-խաշլամա վիճակ։ Մեր ռազմավարական պրիմիտիվիզմը՝ համեմված մեր մի շարք այլ հատկանիշներով, մեր բոլոր ողբերգությունների հիմքն է: Ադրբեջանը դիմում է BRICS-ին, մենք բանաստեղծություն ենք կարդում, կամ ծաղրում ենք այն ընթերցողին: Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի պատերազմից առաջ, բառացիորեն նույն անլուրջ իրավիճակն էր»,- հիշեցրել է Հովհաննիսյանը։

Եվ նա հարց է տալիս. «Մեր ժողովուրդը ներուժ ունի՞ հաղթահարելու այս վիճակը։ Ունի: Մեր ամենամեծ ողբերգությունը մեր պարզունակ վերնախավերն են, որոնք անմիջականորեն են պատասխանատու այս իրավիճակի համար։ Ժողովրդին չեն փոխում կամ քշում, իսկ էլիտաների հետ դա հաճախ է լինում։ Անգամ այն հասարակությունները, որոնք մեզանից շատ ավելի ծանր վիճակներում են եղել, դա արել են ու հասել հաջողությունների»։

Իր հերթին, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրանքով Բաքվում բանակցությունների ժամանակ բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հարցը։

«Ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությունը, ինչպես նաև մի քանի տասնյակ գերեվարված հայերի, այդ թվում ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչների ճակատագիրը,  չեն կարող չանհանգստացնել ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում բարության և արդարության սկզբունքների մասին»,- ասվում է կոչում։

Միությունը հույս է հայտնել, որ այդ հարցերում առաջընթաց կգրանցվի, հատկապես Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի և Բաքվում պահվող այլ անձանց ճակատագրերի հարցերում։

Ռուսաստանի ղեկավարի Բաքու այցի թեման շարունակել է «Ընկեր գեներալ» Telegram ալիքը.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցն Ադրբեջան ուղղակիորեն պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ՝ Հայաստանի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խզելու քաղաքականությամբ։ Ընդամենը մեկ տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Ռուսաստանի ղեկավարի այցը Բաքու չհավասարակշռվի գոնե  Երևանում Ռուսաստանի ղեկավարության մասնակցությամբ ինչ-որ ստատուսային իրադարձությամբ։ Բայց Պուտինը խոսելու բան չուներ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ նա միակողմանի Արցախն Ադրբեջանին  հանձնելով չեղյալ համարեց 2020 թվականի «Մոսկովյան հայտարարությունը», և այն բանից հետո, երբ Հայաստանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Երևանի Թուրքամետ հռետորաբանությունը և հակառուսական քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնությանը մղեցին նոր որակի հարաբերություններ փնտրելու Ադրբեջանի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևը նույնպես շահագրգռված է այդ գործընթացով, քանի որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները լավ գրգռիչ են Միացյալ Նահանգների և ԵՄ-ի համար, որոնք ակնհայտորեն չեն ցանկանում սերտ գործընկերություն Բաքվի և Մոսկվայի միջև: Էրդողանի հետ ի հայտ եկող հակասությունները ևս Ալիևի համար Պուտինի հետ բացառիկ կապեր կառուցելու մեկ պատճառ են։ Հայաստանին մնում է սպասել և տեսնել, թե ինչի շուրջ են պայմանավորվում։ Երևանը, ինչպես գիտենք, պատրաստ է սահմանը սահմանազատելու և խաղաղություն կնքելու անգամ ամենավատ պայմաններին։ Այդ պայմանները թելադրվում են Ադրբեջանի կողմից, և նա դրանք  կքննարկվի Պուտինի հետ, ով, անշուշտ, շահագրգռված է խաղաղության գործընթացը մոսկովյան տարածք վերադարձնելու մեջ: Երևանի քաղաքական կամքի բացակայության ևս մեկ վկայությունը Բաքվի գագաթնաժողովից լիակատար հեռավորությունն է։ Ռուսաստանի հայերի միությունը Պուտինին կոչ է արել բարձրացնել Ալիևի կողմից գերեվարված արցախցի պատանդներին ազատ արձակելու հարցը, սակայն Հայաստանի իշխանություններն անգամ երեսները չեն շփում։ Ես պատճառ չեմ տեսնում, որ Պուտինը ստիպված լինի ինչ-որ բան զոհաբերել Փաշինյանի կողմից դավաճանված Բաքվի բանտարկյալների ազատության համար, քանի որ Ալիևը դրա դիմաց անպայման ինչ-որ բան կպահանջի։ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է էներգետիկ, լոգիստիկ և աշխարհաքաղաքական իր ճանապարհը ձեռք բերելը, քան չզղջացող Երևանի մեղքերը քավելը: Բաքու պետական այցի փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ։ Հայաստանի համար դա նշանակում է առաջընթաց միայն մեկ բանում, որն է ինքնիշխանության հետագա կորուստ։ Հայաստանն այժմ Հարավային Կովկասում ընդամենն ԱՄՆ ազդեցության լծակն է»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular