Կուրսկի մարզում ավելի քան 133 հազար մարդ է տարհանվել. նահանգապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռավար խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինային սահմանամերձ մարզերի ղեկավարների ու կառավարության որոշ անդամների հետ։
Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, ներկայացրել է իրավիճակը․
«Օպերատիվ շտաբի որոշմամբ տարհանման գոտում ընդգրկվել է Կուրսկի մարզի 8 շրջան՝ 152,566 բնակչությամբ։ Այսօրվա դրությամբ 133,190 մարդ դուրս է եկել, մնացել են 19,376-ը։ Շարունակում ենք մարդկանց տեղափոխումը ապահով վայրեր»։
Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ իրավիճակը երեկ բարդացել էր։ Նրա հայտնած տվյալներով՝ մարզի վրա 23 անօդաչու է արձակվել, որոնք ոչնչացվել են, իսկ երեկոյան դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են հատել սահմանը, բայց սահմանապահների ու բանակի ուժերը նրանց հետ են մղել։
Մարզերի ղեկավարները հավաստիացրել են՝ իրավիճակը հիմա վերահսկվում է։