Հայտնաբերվել է հրամանատար Լևոն Գևորգյանի դին․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ» հանգստյան գոտի, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները «Suzuki» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Լ․ Գևորգյանը հանկարծամահ է եղել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մահացածը «Ազգային լեգիոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մարտական հրամանատարն էր և ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր պատերազմներին և հարգանք է վայելել ոչ միայն հարազատների, ընկերների, այլ նաև իրեն ճանաչողների շրջանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։