ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վերջին շրջանում հիմնականում հանդես է գալիս արտերկրյա լրատվամիջոցներով: Թե ինչով է դա պայմանավորված, դժվար է ասել. նրա թիմից հրաժարվեցին մեկնաբանել հարցին, թե ինչու է Կարապետյանը հարցազրույցներ տալիս միայն արտասահմանյան ԶԼՄ-ներին:

Օրերս էլ Կարապետյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին: Մասնավորաբար, նա նշել է, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար, բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և այդ ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։ «Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպատասխանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- արձանագրել է գեներալ-մայորը և ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույնն էլ՝ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով, Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular