ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ ամիս երեխաս «մորգ»-ում սպասեց․ ինչ է պատմում Հելեն Դադայանի մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դա ամենամեծ ողբերգությունն էր մեր կյանքի, բառերով ո՞նց նկարագրեմ ապրումներս։ Սև օր էր»,MediaHub-ին ասում է Արցախի Ճարտարից տեղահանված Ալվարդ Դադայանը։ 

Նրա դուստրը՝ 21-ամյա Հելենը, մեկ տարի առաջ Արևմտյան Հայաստան ուղևորությունից վերադառնալիս Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում վթարի զոհերից մեկն է։ Ողբերգական վթարը խլել էր 12 մարդու կյանք։ 

Հելենը սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետեւանքով ամիսներ շարունակ կտրված էր ընտանիքից։

«Պարբերաբար զանգում էր, շատ էր անհանգստանում մեր մասին։ Շատ էր ուզում գնալ Արևմտյան Հայաստան, ճիշտը որ ասեմ՝ այդքան կողմ չէի, ասում էի՝ կորսված հայրենիք է, գնալու ես տրամադրությունդ փչացնես։ Ասում էր՝ «մամա, պերեժըվատ չի անիս, ամեն ինչ լավ կլինի»։ Բայց քանի որ գնալով իրավիճակն Արցախում ավելի էր սրվում, Հելենն ասում էր՝ «արդեն չեմ հավատում, որ ճանապարհը կբացվի, որ նորից իրար կհանդիպենք»»,- հիշում է մայրը։

Ալվարդը, որ Հելենից բացի ևս 2 զավակ ունի, մեզ հետ զրույցում ասում է՝  «Հելենն ուրիշ սիրտ ուներ, մեր աշխարհից չէր»։ Շրջափակման հետևանքով նրա դին Արցախ տեղափոխել չհաջողվեց։ Մեկ ամիս շարունակ Հելենի ծնողները ծեծել են Արցախի կառավարության, Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների դռները։ 

«Էնքան են ասել էսօր, վաղը, մյուս օրը՝ մեկ ամիս անցել է։ Այդ ընթացքում եղբայրս Հելենի մարմինը տեղափոխել էր Գորիսի «մորգ», որ հենց թույլ տան՝ մոտ լինի տնից, արագ կազմակերպենք։ Սեպտեմբերի 3-ին Հելենս դարձավ 21 տարեկան։ Եղբայրս ծաղիկներ էր տարել նրան, մենք շրջափակման մեջ լուսանկարներով տեսնում էինք այդ ամենն ու ցավից, անզորությունից, անկարողությունից չգիտեինք ինչ անել»,- ասում է մեր զրուցակիցը, պատմում Հելենի մարմինն Արցախ տեղափոխելու մեծ ցանկության ու դժվար ճանապարհի մասին, որն այդպես էլ չի հաջողել։ 

«Զանգել եմ Սամվել Շահրամանյանին, ասել, որ էլ չենք դիմանում, մի բան արեք, ինքն էլ ասաց, որ Հելենին տեղափոխելու գործով զբաղվող ռուսական բանակի գեներալ Լենցովը հիմա Արցախում չէ։ Գնացել եմ Կարմիր խաչ։ Այնքան վատ վիճակում եմ եղել, ասել եմ՝ թեկուզ ադրբեջանական Կարմիր խաչով էլ լինի, էրեխուս դիակը բերեք։ Ներկայացուցիչներից մեկի անունը Նիկիտա էր, մեկը՝ Իսլամբեկ, կարծեմ մեկի անունն էլ Ինգա էր։ Ականատեսներ շատ կան։ Նրանք զանգեցին Բաքվի գրասենյակ, այնտեղից մի կին էր հետս կապի դուրս եկել, իբր ուզում էին օգնել ինձ, ասում էր՝ «եթե իմ աղջիկը մեռներ՝ աշխարհը գլխիս շուռ կգար»... ինձ նվաստացնում էին, վիրավորում։ Հարցրեցի՝ հիմա դուք հայկական շահե՞րն եք սպասարկում, թե՞ ադրբեջանական, ասացին՝ «մենք միջազգային մարդասիրական կազմակերպություն ենք, բոլորի շահերը մեզ համար կարևոր են»։ Միանշանակ ասում եմ՝ նրանք ադրբեջանական շահերը գերադասող մարդիկ էին»,- մեկ տարի առաջ իր հետ կատարված դեպքերն է վերհիշում Հելենի մայրը։

Երբ Հելենին հայրենի Ճարտար տեղափոխելը խնդիր էր դարձել, Ալվարդը հոգու խորքում մտածել է աներևակայելին․ 

«Մենք երբեք չենք մտածել Արցախը կորցնելու մասին, բայց այդ օրը հուսալքված ասացի՝ եթե Հելենիս չեն բերում, ուրեմն Արցախում չեն թողնի, որ ապրենք»։

Շրջափակման 9-րդ ամսում Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտունու ամբողջ շրջանը Ստեփանակերտից կղզիացած մնաց մեկ շաբաթ։ Գաղթի համար ճանապարհը դեպի Հայաստան բացվելուց հետո՝ ի վերջո Դադայանների ընտանիքը ևս տեղափոխվեց։ 

«Մեքենան թողեցինք Արարատում, մեր ծանոթներից մեկի մեքենայով հասանք Երևան, որ մասնակցենք մեր աղջկա հոգեհանգստին։ Հելենի մարմինն արդեն տեղափոխել էին Երևան։ Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք հասնենք։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին նրան հուղարկավորեցինք Դավթաշենի գերեզմանատանը։ Լացելու տեղ ունեմ, բայց առանց Հելենի կիսատ ենք, այնքան դժվար է, ոչ ոք չի հասկանա մեզ»...

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ 12 հոգու կյանք խլած վթարի գործը դեռևս չի փակվել։

«Օգոստոսի մեկին հերթական դատն էր։ ««ZIL»-ի վարորդին հարցրեցի՝ դո՞ւք եք խփել տուրիստական մեքենային, ասաց՝ հա։ Հարցրեցի՝ կարողանո՞ւմ ես հանգիստ քնես գիշերը, ինքն էլ թե՝ «ի՞նչ է եղել, որ․․․»: Այսինքն՝ ուզում էր վերահաստատեր իր անմեղությունը։ Ես չեմ ասում բռնեն, դատեն, փակի տակ պահեն, դրանից իմ երեխան չի վերադառնա։ Ամենալավ պատիժը՝ նման վարորդներին զրկել մեքենա վարելու իրավունքից»,- ասաց Ալվարդ Դադայանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular