Մեր մեքենայի վարորդը որոշեց վազանց կատարի, 3 տղաները մահացան․ զինվորը մանրամասնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն հայտնել էինք, որ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է եղել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, հայտնվել ձորում, ինչի հետևանքով մեքենայի վարորդը և զորացրված զինծառայողներից մեկը տեղում մահացել են։
Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել էին հոսպիտալ։ Oragir.News-ը հայտնել էր, որ վիրավորներից մեկը՝ Ռաֆիկ Ոսկանյանը, Շիրակի մարզի Ազատան համայնքից է։ Ընտանիքի ավագ որդին է, իրենից փոքր եղբայր ունի։
Oragir.News-ի լրագրողն է զրուցել վիրավորում ստացած զորացրված զինծառայողի հետ։
«Առավոտ 7։30-ի կողմերը շարժվեցինք` երգ լսելով, ուրախ-զվարթ գնում էինք, իրարից հարցուփորձ էինք անում։ Բեռնատարը գնում էր մեր դիմացից, մեր մեքենայի վարորդը որոշեց վազանց կատարի բեռնատարին ոչ տեսանելի հատվածում։
Դիմացից դուրս եկավ մեկ այլ ավտոմեքենա, բայց վարորդը չի կողմնորոշվում և մեր մեքենան գլորվեց ձորը։
Ուղևորները իմ ընկերները չէին, բոլորս Մեղրիի զորամասում էինք ծառայում։ Երբ մեքենան գլորվեց ձորը, ես ինձ դուրս շպրտեցի, ոտքի վիրավորում եմ ստացել»,- մեզ հետ զրույցում պատմում է զորացրված զինծառայող Ռաֆիկ Ոսկանյանը։