Որոշեցինք հանել «Զանգեզուրի միջանցքի» կետն ու քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող սահմանադրության մեջ, մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ բանակցություններին այս պահին դյուրացնող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ «համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի շուրջ»։ «Այսինքն՝ ինչպես կազմակերպել տրանսպորտային երթուղիներ, որոնք կմիացնեն Ադրբեջանի մնացած տարածքը իր էքսկլավային Նախիջևանի հետ, այսինքն՝ Զանգեզուրի միջանցքի խնդրին»։
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության համաձայնագրից և այն [քննարկումը] տեղափոխել ավելի ուշ փուլ... Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն տեքստից, բայց դեռ կարող ենք արտացոլել այն փաստը, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և համաձայնության գալու համար»,- եզրափակել է նա։