Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. վիճակագրություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024թ. առաջին կիսամյակում ռուսներն ավելի հաճախ են մեկնել արտերկիր՝ թե՛ գործով, թե՛ հանգստի նպատակով։
2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները 12,6 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության տվյալներին:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արտասահման կատարած ուղևորությունների թիվը 9%-ով ավելին է, քան 2023թ. հունվար-հունիսին. այդ ժամանակահատվածում սահմանային ծառայությունն արձանագրել է 11,6 մլն ուղևորություն։
Այսպիսով՝ ըստ հրապարակված տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանցիներն ավելի հաճախ այցելել են Աբխազիա, Ղազախստան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Թուրքիա, ԱՄԷ, Եգիպտոս, Թայլանդ։ Այս ցանկում առաջատարը Թուրքիան է, այստեղ ռուսների հոսքն ավելացել է 9.4 տոկոսով՝ կազմելով 2.5 մլն այցելություն։ Ավելացել են նաև դեպի Չինաստան ռուսների այցելությունները։
Ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղություններից է մնում Ղազախստանը, չնայած այցելությունները նվազել են 9 տոկոսով։
Առաջին կիսամյակում ավելի քիչ ռուսներ են այցելել Հայաստան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 17 տոկոսով՝ կազմելով 452,8 հազար նախորդ տարվա 545.7 հազարի փոխարեն։
Ընդ որում անցած ամիսներին ռուսներն ավելի հաճախ են մեկնել Վրաստան՝ աճը կազմում է 31.5 տոկոս, ինչպես նաև Ադրբեջան՝ 26 տոկոս աճ։