Արտակարգ իրավիճակ՝ Երևանի դպրոցներից մեկում. 2 օր տապալված ծառը չեն փորձում հեռացնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն 2 օր Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի բակում տապալված ծառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցների անտարբերության պատճառով մնացել է դպրոցի բակում:
Չորացած ծառը, որը փտած է եղել, արմատից պոկվել ու տապալվել է:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի տնօրինությունը այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն 2 օր է՝ սայլը տեղից չի շարժվում. ծառը մնացել է տապալված, իսկ դպրոցի բակում կան մի քանի ծառեր, որոնք նույնպես վտանգ են առաջացնում և ամեն պահի հնարավոր է՝ դրանք տապալվեն:
Թե ով պետք է այդ խնդիրը լուծի, դպրոցի տնօրինությունը դեռևս չգիտի, իսկ որ դա պետք է հրատապ լուծվի, գաղտնիք չէ:
Եվ դա պետք է արվի մինչև ուսումնական տարվա սկիզբ:
Դպրոցի տնօրինությունն էլ պետք է գոնե մինչև այդ դպրոցի ցուցանակը, որը իր դարն ապրել է, փոխարինի նորով: