ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդերքօգտագործող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով  «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք  հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ՝ շրջակա միջավայրին և ընդերքին անզգուշությամբ պատճառելով էական վնաս:

Պետությանը պատճառված վնասի չափը, ընկերության գործունեությամբ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է ՍՊ ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ՝ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպճային զանգվածի արդյունահանման ծավալները:

Նախաքննության  ընթացքում պարզվել է, որ 2015թ․-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից:

Բացի այդ պարզվել է նաև, որ ընկերության կողմից ընդերքօգտագործման թույլտվության  սահմաններում գտնվող հողատարածքներից արդյունահանումն իրականացվել է առանց հողատարածքների նպատակային փոփոխության, որի արդյունքում հողային ռեսուրսներին պատճառվել է վնաս:

Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու և ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular