ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում, կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին անդամին:

Արթուր Ալեքսանյան

Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

-Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:

-Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:

-Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:

-Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:

-Արդյոք ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:

-Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:

-Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ Օլիմպիական խաղերից:

-Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև Օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:

-Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր Օլիմպիական թիմի մասին:

-Նախորդ երեք Օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:

-Իսկ ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտը:

-Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:

-Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:

-Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ Ձեզ լավ գիտեն:

-Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է Օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:

— Հետաքրքիր է՝ Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:

-Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:

— Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:

-Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:

-Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում Ձեզ բոլորը ճանաչում և Ձեզ համար ցավում: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:

-Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:

-Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:

— Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է…

-Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular