ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են վերափոխել մեր ազգային այն նարատիվները, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Պատմություն առանց աշխարհագրության. ինչո՞ւ է Հայաստանը վերաշարադրում իր անցյալը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ակտիվորեն բարեփոխվում է սոցիալ-հումանիտար ոլորտը, վերաշարադրվում են դպրոցական դասագրքերը, քննարկվում են օրհներգի, զինանշանի, Սահմանադրության փոփոխությունները։ iz.ru-ն փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է նման քաղաքականություն վարվում։ ՀՀ կառավարության որոշմամբ նախկինում «Հայոց պատմություն» անվանվող առարկան այժմ դարձել է «Հայաստանի պատմություն»։ Կարող է թվալ, որ պաշտոնյաները պարզապես բառեր են վերադասավորում, բայց փաստացի խոսքը կրթական հայեցակարգի կարևոր փոփոխության մասին է։ Մի խոսքով, մեծ հայ ժողովրդի պատմության փոխարեն երեխաներին կսովորեցնեն միայն այն տարածքի պատմությունը, որն այժմ վերահսկում է Երևանը։

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայերը պետք է «բարձրանան պետական շահերի աշտարակը»։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հաստատել է, որ շեշտը դրվելու է «արդի Հայաստանի պատմության» վրա։ Հայ հասարակությունը ակտիվորեն է դիմադրում այդ բարեփոխումներին։ Այսպես, արդարադատության նախարարության կայքում (նկատի է առնվում edraft.am հարթակը-«Փաստ» ) ավելի քան 12 հազար մարդ դեմ է քվեարկել դրան, ավելի քան 500-ը բովանդակալից մեկնաբանություններ է թողել։ Մեկնաբանների մեծամասնությունը կարծում է, որ արդյունքում Ղարաբաղը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությանը և այլ ողբերգական ու աչքի ընկնող իրադարձությունները կջնջվեն դպրոցական ծրագրից: Արդյունքում հայկական ինքնությունը կվերաձևակերպվի։ Դեմ են արտահայտվել նաև բազմաթիվ հասարակական գործիչներ։

Օրինակ՝ ընդդիմադիր Ավետիք Չալաբյանը մեղադրել է իշխող թիմին՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից ելնելով՝ «կապիտուլ յատիվ քաղաքականություն» վարելու մեջ։ Բայց հարցը չի սահմանափակվում միայն առարկայի անվանափոխությամբ: Պատմության դասագրքերի նոր տարբերակներում կան քարտեզներ, որոնց վրա Ղարաբաղը «միացվել» է Ադրբեջանին, չկան ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական և հայկական հուշարձանների նկարագրություններ, որոշ տեղանուններ գրված են ադրբեջաներեն։ Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով, ներկայիս իշխանությունները փորձում են վերաձևավորել երեխաների գիտակցությունը: «Ինչո՞ւ է դա արվում: Դա ենթագիտակցական նյութ է, երեխաները չեն ստանա իրենց հայրենիքը պաշտպանելու օրինակ, փոխարենը կտեսնեն Աթաթուրքի մասին անտեղի հիշատակումներ և քարտեզ ադրբեջանական Ղարաբաղով»,- ասել է նա։

Քննարկումներ են ընթանում ոչ միայն կրթության, այլ նաև, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ: Փաստն այն է, որ այդ փաստաթղթի ներկայիս տարբերակը ունի հղում հանրապետության Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Ղարաբաղի հետ վերամիավորման ցանկության և 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ նորմատիվ ակտը պետք է համապատասխանեցնել աշխարհաքաղաքական նոր իրողություններին։ Սակայն Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց հանրաքվեի, իսկ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է դրան։ Բացի այդ, իշխող թիմը բազմաթիվ հարցեր ունի այլ ազգային խորհրդանիշների հետ կապված։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ծաղրել է երկրի զինանշանը։ Նրա խոսքով, զինանշանի վրայի առյուծը «նման է սմայլիկի», թուրն ինչ-ինչ պատճառներով շղթայված է, իսկ ինքը՝ Հայաստանը, «ջրի տակ է»։

Ենթադրվում է, որ իրականում իշխանությունները ցանկանում են Արարատը հեռացնել զինանշանից, քանի որ դա վրդովեցնում է Անկարային: Սիմոնյանը նաև հանդես է եկել պետական օրհներգի փոփոխության օգտին, որը փառաբանում է հայ ժողովրդի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին։ Իշխող թիմը բավականին կոշտ է խոսում նաև հայ ժողովրդի «հավատքի խորհրդանիշների» մասին։ Այսպիսով, ժամանակին տեղեկատվական տարածքը պայթեց Փաշինյանի այն հայտարարությունից, թե Արարատ լեռը, պարզվում է, ամենաբարձրը չէ Հայաստանում։ Առողջ բանականության տեսանկյունից դա ակնհայտ թեզ է, քանի որ Արարատը գտնվում է Թուրքիայում։ Փաշինյանի խոսքով, երկրի բնակիչները պետք է ընդունեն այդ փաստը և Արագածը համարեն իրենց գլխավոր լեռը։ Բացի դա, կառավարության ղեկավարը խորհուրդ է տվել ավելի քիչ խաչքարեր կանգնեցնել։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ձգտում է վերաշարադրել հայոց պատմությունը։ «Մենք տեսնում ենք մեր քաղաքական և ազգային այն նարատիվները վերափոխելու փորձեր, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին։ Չեմ կարծում, որ իշխանությունները հաջողության կհասնեն։ Նախ՝ Բաքուն և Անկարան չեն փոխի իրենց պատմական նարատիվները։ Երկրորդ հերթին՝ Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում չի հաջողվի հասնել հանրային գիտակցության խոր վերափոխման։ Բայց փորձերը կշարունակվեն, և դա կհանգեցնի լարվածության աճի»,- կարծում է նա։ Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանն էլ ասել է, որ ներկայիս իշխանությունները ոչնչացնում են հայկական պետականությունն ու ինքնությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին խոսք չկա։ Պայմանագիր կնքելիս կողմերը ընդառաջ են գնում միմյանց։ Այս դեպքում մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, դա կոչվում է կապիտուլ յացիա։

Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Նրանք կփոխեն Սահմանադրությունն ու ազգային խորհրդանիշները, հետո կհանձնեն անկլավները և կսկսեն ընդունել, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականներին», որոնք կարճ ժամանակում կփոխեն Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, կստեղծեն քաղաքական կառույցներ, իրենց պատգամավորներին կներկայացնեն խորհրդարան»,- ասել է նա։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ Հայաստանը բռնում է ողջախոհության և բարիդրացիության ճանապարհը։ «Երևանում երկար ժամանակ մշակվում էր Մեծ Հայքի գաղափարը: Հասկանալի է, որ նման հիմքի վրա նորմալ հարաբերություններ չեն կարող կառուցվել։ Հիմա եկել է սթափության շրջանը, պատմական քաղաքականության փոփոխությունը կօգնի տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հասնելուն»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular