Մեկ այլ երկիր ևս հրաժարվել է Վրաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան որոշել է դադարեցնել ֆինանսական օգնությունը Վրաստանին: Այդ մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանում այս պետության դեսպան Շերազ Ղասրին։ Մինչ այդ էլ Գերմանիան, Եվրամիությունը և ԱՄՆ-ն էին հայտարարել ֆինանսական օգնության դադարեցման մասին, գրում է jnews.ge-ն։
«Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը եկավ այն եզրակացության, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է, դա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր անմիջական օգնությունը Վրաստանի բյուջեին և ավելացնել քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին տրամադրվող օգնությունը։ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի ուղղությունը և վերադառնա նրան, ինչ մենք ուզում ենք անել, այն է շարունակել աջակցել Վրաստանին իր եվրոպական ճանապարհին բոլոր ոլորտներում»,- ասել է Շերազ Ղասրին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Վրաստանի ինտեգրումը դադարեցնելու և 30 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը սառեցնելու Եվրամիության որոշման մասին։
Գերմանիան ևս դադարեցրել է Վրաստանում նախագծերի ֆինանսավորումը: ԱՄՆ-ն էլ ընդունել է «Մեգոբարի» ակտը, որը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի և կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր դեր ունեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման գործում։
Փորձագետները, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև համաշխարհային հանրությունը սկսել են ակտիվորեն խոսել Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության և եվրաինտեգրման ճանապարհից շեղվելու մասին Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունումից հետո։ 2023 թվականին առաջին նախաձեռնությունից և քաղաքացիական հասարակության կողմից բուռն բողոքի և համաշխարհային հանրության կողմից հայտարարությունների տեսքով արձագանքից հետո իշխող կուսակցությունը սկզբից հետ կանչեց օրինագիծը։ Սակայն 2024 թվականին կրկին նախաձեռնեց այն փոխելով միայն անվանումը։
Չնայած միջազգային, եվրոպական և ամերիկյան հիմնական դերակատարների Վրաստանի եվրոպական ճանապարհին այդ օրենքի անհամատեղելիության մասին հայտարարություններին և նույնիսկ պատժամիջոցներին ու ազգային արժույթի արժեզրկմանը, օրենքն ընդունվեց, և Վրաստանի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ մեծապես փոխվեցին բացասական ուղղությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը