ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար». ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեր ծանոթությունը դպրոցական տարիներից է սկսվել: Երկուսս էլ գյումրեցի ենք: Ամուսնուս մորաքրոջ աղջիկը իմ դասարանից էր: Այդ տարիներին ընկերություն կամ, ինչպես ասում են, իրար հավանել չի եղել: Շփման մեջ նա իմ ընկերուհու եղբայրն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն՝ Մկրտիչի կինը:

2004 թ.-ին Մկրտիչը գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի Երկրաբանության բաժինը։ «Նա Երևանում էր, ես Գյումրիում էի սովորում: Այդ ընթացքում այդքան էլ շփում չկար: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, ծառայում էր Հատուկ նշանակության զորքերում»: Ծառայության ընթացքում Մկրտիչ Վարդանյանը նշանակվել է ջոկի հրամանատար, աչքի ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ » և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով, զորացրվել է սերժանտի կոչումով և սակրավորի մասնագիտությամբ։ «Զորացրվելուց հետո հանդիպեցինք, զրուցեցինք, հանդիպումները շարունակվեցին, շփումը հաճելի էր: Ու 2012 թ.-ի փետրվարին ընտանիք կազմեցինք»:

Արփինեն ասում է՝ պարտադիր ծառայությունից հետո Մկրտիչը փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, չի հաջողել, տարբեր ոլորտներում փորձել է ուժերը, արդյունքում 2011 թ.-ին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում՝ որպես ավագ սակրավոր։ 2012 թ.-ին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։ 2013 թ.-ին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանում: 2015 թ.ին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018 թ.-ին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում, արժանացել բարձր գնահատանքի։ 2019 և 2020 թթ. խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիա և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։

Ծառայության տարիներին 2013 թ.-ին պարգևատրվել է «Աֆղանստանի ծառայության համար», 2019 թ.-ին՝ «Անբասիր ծառայության համար», 2019 թ.ին ՌԴ-ի կողմից՝ «Սիրիայի ծառայության համար» մեդալներով: «Ամեն անգամ խաղաղապահ առաքելության մեկնելիս անհանգստանում էի: Երբ դեռ չէինք ամուսնացել, ասում էր՝ լավ մտածիր, ես սակրավոր եմ, սակրավորները մի անգամ են սխալվում, սխալվեցին, վերջ: Ես էլ ընդդիմանում էի՝ մի ասա նման բան, դու չես սխալվելու: Անընդհատ աշխատում էր ինքն իր վրա, կարդում էր, սովորում, իր աշխատանքում ամեն ինչին տիրապետում էր: Ինքն ուղղակի աշխատանքի չէր գնում, այն իր կյանքի իմաստն էր, դրանով ու դրա մեջ էր ապրում: Ինչ անում էր, պետք է լավ աներ, կատարելության էր ձգտում իր աշխատանքում, դա իր բնավորության գծերից էր:

Եվ, իրոք, իր աշխատանքում չկար մի բան, որ նա չիմանար»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, Մկրտիչը զորամասում էր: Տագնապ էր հայտարարված: «Իրենք Արարատում՝ Քաղցրաշենում տեղակայման վայր ունեին, խաղաղապահներին այնտեղ էին կենտրոնացրել: Հետո խմբերով մեկնել են Ղարաբաղ: Իրենց խումբը մեկնել է հոկտեմբերի 10-ին: Երբ արդեն այնտեղ էր, զանգահարում էր ընդամենը մի քանի վայրկյանով՝ ես լավ եմ, դուք լավ եղեք, ձեր մասին մտածեք»: Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 19-ին Հադրութում հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ՝ կասեցնելով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք, մարտնչելով մինչև վերջ, մերձամարտի մեջ մտնելով թշնամու հետ։ «Երբ հոկտեմբերի 19-ին չզանգահարեց, սկզբում մտածեցի՝ գուցե անվտանգությունից ելնելով՝ հեռախոսն անջատել է:

Ինքս ինձ հուսադրում էի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել, նա պետք է վերադառնա: Հոկտեմբերի 21-ին լուրը մեզ հասավ: Միայն մեկ փամփուշտ էր դիպել նրան, թոքը ծակել: Տղաները պատմեցին՝ զրահաբաճկոնը, որ տվել են, իր հագին մի քիչ փոքր է եղել, թևատակի մասով մի քիչ բաց է մնացել, ու այդտեղից էլ փամփուշտը թոքն է վնասել: Եթե այնտեղ լիներ ֆելդշեր, առաջին օգնություն ցույց կտար, և նա կփրկվեր»: Հիմա ընտանիքներից շատերի համար սփոփանք է դարձել այն, որ տղաները զոհվելուց հետո շուտ են տուն «վերադարձել»: Մկրտիչի դեպքում էլ է այդպես: Ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ, Արփինեն ասում է՝ կարծես ողջ լիներ: Նա սիրով, զրույցը երբեմն ընդհատող հուզմունքով է պատմում ամուսնու մասին:

«Որպես մարդ՝ իր մեջ ամենաառաջինը գնահատում եմ իր պարտաճանաչությունը, ցանկացած գործ ավարտին հասցնելը, ոչ մի բան կիսատ չէր թողնում: Գնահատում էր կարգապահությունը, զինվորական գործի մեջ հատկապես: Ծնողասեր էր, իր համար ծնողների խոսքն այնքան կարևոր էր, անասելի հարգանքով էր նրանց նկատմամբ, մայրիկի հետ յուրատեսակ կապվածություն ուներ: Նույն հարգանքով նաև իմ ծնողներին է վերաբերվել: Իմ ծնողներն էլ Մկրտիչին իրենց տղայի պես են ընդունել: Որպես ամուսին՝ հոգատար էր, ուշադիր, չի եղել դեպք, երբ, ասենք, ինչ-որ կենցաղային հարցի պատճառով նեղանայինք իրարից: Հասկացող, դիմացինի դրության մեջ մտնող տեսակ էր Մկրտիչը»: Իսկ հիմա կարոտի անվերջանալ ի շրջապտույտում Արփինեի համար ուժի աղբյուր են դարձել իրենց տղան ու աղջիկը. «Իմ ապրելու իմաստն իրենք են:

Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, կարծես ես չլինեմ, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար, որ նրանք հասնեն իրենց երազանքներին այնպես, ինչպես Մկոն կցանկանար: Ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա երեխաների կրթության հարցում, այդ հարցում էլ իրեն բնորոշ կարգապահությունը կար: Երբ ազատ մի պահ էր ունենում, այդ րոպեները մեր երեխաներինն էր: Տղայիս հետ փազլ էին հավաքում, զրուցում: Տղաս հայրիկից հետո սկզբում լուռ էր, բարդ շրջան էր, բայց հիմա ազատորեն խոսում է հայրիկի մասին, ուզում է՝ պատմեմ, թե ինչ են արել միասին, թե հայրիկն ինչ է արել իր համար, կարծես նրա մասին հիշողությունները մեկտեղի: Աղջիկս այլ կերպ է կարոտում: Կարող է պահ լինի, հուզվի, լաց լինի, ուղղակի գրկի հայրիկի նկարը:

Սկզբում իրենց Եռաբլուր չէի տանում, կարծում էի, որ դա էլ կարող է այլ տրավմա դառնալ իրենց համար: Իսկ իրենք մտածում էին, որ գնում եմ, հայրիկին տեսնում և տուն գալիս, իսկ իրենց չեմ տանում: Որոշեցի, որ միասին կգնանք Եռաբլուր: Գիտեն, որ հայրիկը միշտ մեզ հետ է, և իրականում ամենադժվար ու ծանր պահերին իր օգնությունը զգում եմ: Նա միշտ ինձ հետ է: Տղաները գիտակցված մեկնել են մարտի դաշտ: Չեմ ընդունում այն միտքը, երբ ասում են, թե իրենց զոհաբերությունը, արյունն իզուր էր: Դա իզուր չի եղել: Իրենք կյանք են տվել, որ մենք ապրենք: Իսկ հիմա մեր հերթն է իրենց ապրեցնելու, որպեսզի իրենց բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», Արցախի նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular