Կդրոշմապիտակավորվեն բոլոր ապրանքները, բացի «լֆիկներից»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե «Հարկային օրենսգրքի» նախագիծը ընդունվի այն տեսքով, որով ներկայումս շրջանառվում, է, ապա դրա ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ անց Հայաստանում գրեթե բոլոր ապրանքները կդրոշմապիտակավորվեն: Ընդ որում, դրոշմապիտակավորման են ենթակա լինելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լուցկին, զուգարանի թուղթը, բամբակը, աղը, «ադիբուդին», մակարոնեղենը, շոկոլադը, վանիլը, դարչինը, կարագը, պանիրը, հավի միսը, կետչուպները, մայոնեզը, կոշիկի վաքսերը, ատամնապրոթեզների ֆիքսման փոշիները....: Մի խոսքով գրեթե այն ամենը, ինչ անցել է նախագիծը մշակող մեր պաշտոնյաների մտքով:
Դրոշմապիտակավորումը մեր կառավարությունը դիտարկում է որպես ստվերի դեմ պայքարի միջոց: Այսինքն յուրաքանչյուր ապրանքի վրա դրոշմապիտակ փակցնելը բերում է նրան, որ հարկային մարմինը կարողանում է արձանագրել, որ տվյալ ապրանքը հաշվառված է, եւ դրանից վճարված են համապատասխան հարկերը: Սա՝ տեսականորեն: Գործնականում նման համատարած դրոշմապիտակավորմամբ կկրճատվի ստվերային տնտեսության մի չնչին մասը միայն: Մեր տնտեսության ստվերային հիմնական հատվածը գտնվում է բոլորովին այլ տեղ եւ դրա վրա դրոշմապիտակներ չեն փակցվելու: Օրինակ, ինչպես կարելի է դրոշմապիտակով պայքարել հանքարդյունաբերության ոլորտում առկա հսկայական ստվերի դեմ: Կամ ինչպես է հնարավոր դրոշմապիտակով կանխել շինարարության ոլորտում առկա ստվերը...: Բայց եթե խոսքը միայն խանութներում վաճառվող ապրանքների ստվերային շրջանառությունը կանխելու մասին է, ապա անհասկանալի է, թե ինչպես է այդ հսկայական ցանցից «պլստացել», օրինակ, շաքարը: Թե՞ այս ցանկը կազմելիս կառավարությունը փորձել է անել ամեն ինչ, որ հանկարծ չկպնի իր սիրելի օլիգարխներին: Իհարկե, կարող է հնչել տեսակետ, թե շաքարավազը հիմնականում վաճառվում է կիլոյով, այդ իսկ պատճառով հնարավոր չէ այն դրոշմապիտակավորել: Բա էդ դեպքում ինչո՞ւ է դրոշմապիտակավորվում մակարոնեղենը: Չէ՞ որ, ինչպես եւ շաքարավազը, մակարոնեղենն էլ կարող է վաճառվել ինչպես կիլոյով, այնպես էլ գործարանային փաթեթավորմամբ: Թե՞ կառավարությունը համոզված է, որ մեր տնտեսության հիմնական ստվերը դարչինի մանրածախ առեւտրի մեջ է կամ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիների «ահռելի» շուկայում:
Բացի այդ, առնվազն անհասկանալի է, թե ինչու են դրոշմապիտակավորվելու ներկրվող ապրանքները: Չէ՞ որ դրանք ՀՀ սահմանին պետք է անցնեն մանրակրկիտ հաշվառում, մաքսազերծվեն եւ նոր միայն հայտնվեն խանութներում: Ստացվում է, որ օրենքի նախագծով փաստորեն կասկածի տակ է դրվել մաքսային ծառայության ազնվության հարցը: Եթե մաքսայինը կասկածելի է համարվում, ապա ինչու պետք է կասկածելի չհամարվի հարկայինը, որը իրականացնելու է դրոշմապիտակների տպագրումը, հաշվառումը եւ մատակարարումը գործարարներին: Եթե մաքսայինը այնքան կասկածելի է, որ նրա կողմից մաքսազերծվող ապրանքները չեն անցնում համապատասխան հաշվառում, նշանակում է՝ հարկայինն էլ պետք է այնքան կասկածելի լինի, որ իրենց հետ գործարքի մեջ մտնող տնտեսվարողներին կտրամադրեն կեղծ դրոշմապիտակ:
Եվ, ի վերջո, բոլոր կամ գրեթե բոլոր ապրանքների դրոշմապիտակավորման աշխատանքը զուտ տեխնիկական տեսանկյունից հետաքրքիր իրավիճակի կհանգեցնի: Փաստորեն տարեկան մի քանի միլիարդ հատ ապրանք պետք է դրոշմապիտակավորվի, իսկ դրանց մի զգալի մասը ավտոմատացնել հնարավոր չէ: Ու «Հարկային օրենսգիրքը» այս տեսքով ուժի մեջ մտնելու դեպքում հսկայական մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ կուղղվեն դրոշմապիտակներ փակցնելու գործին:
Ստվերի դեմ իբր պայքարելու իմիտացիա ստեղծելու գործում մեր կառավարությունը թերեւս մրցակից չունի աշխարհում: Սա արդեն մոլագարության նշաններ է պարունակում: Ախր մեկ լուցկու, կամ դարչինի փոքրիկ փաթեթի գինը ավելի ցածր է, քան դրոշմապիտակի ու այն փակցնելու վրա կատարվելիք ծախսը: