Սերբիան քայլ առ քայլ վերածվում է Հայաստանի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Սերբիայի իշխանությունները ևս մի քանի քայլեր են ձեռնարկել իրենց երկիրը ամերիկյան կրիպտո-գաղութի վերածելու ուղղությամբ։ Բայց դա ակնհայտորեն բավարար չի եղել Վաշինգտոնի համար, և այդ իսկ պատճառով Financial Times-ում հայտնվել է սադրիչ նյութ, որը կոչված է ամբողջությամբ քանդելու Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունները։ Հարցը միայն այն չէ, որ Սերբիայում արտադրված 800 մլն դոլարի զենքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի ձեռքում։ Սերբական բանակն ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին ամբողջությամբ դադարեցնելով ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ, գրում է politnavigator.net-ը։
Հիշեցնենք, որ հարավային Սերբիայի «Հարավ» ռազմաբազայում և Բորովաց պոլիգոնում ավարտվել են սերբական բանակի և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ստորաբաժանումների «Պլատինե գայլ» կոչվող համատեղ զորավարժությունները։ Նման անվանմամբ զորավարժություններ Սերբիայում անցկացվել են ամեն տարի սկսած 2014-ից մինչև 2021 թվականները: Բայց 2022 թվականի գարնանը Բելգրադը միջազգային զորավարժությունների մորատորիում հայտարարեց, սակայն հետո պարզվեց, որ դա վերաբերում է միայն Ռուսաստանին և Բելառուսին։ Արդեն 2023 թվականին վերսկսվեցին այն զորավարժությունները, որոնցում հիմնական դերը խաղում են ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ստորաբաժանումները։ Իսկ «Պլատինե գայլի» շրջանակներում այս տարի անցկացվել է նաև, այսպես կոչված, հարգարժան հյուրերի օր, որին ներկա են եղել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և երկրի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլին Մոյսիլովիչը, ինչպես նաև ռազմական կցորդներ ՆԱՏՕ-ի երկրներից։ Բայց հիմնական հյուրերն ԱՄՆ-ից ժամանած հյուրերն էին` Օհայոյի ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադային գեներալ Ջեֆ Ուոթկինսը և Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը։ Վերջինիս հետ հունիսի 21-ին հանդիպել էր նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Բայց, ըստ երևույթին, սերբական իշխանությունների նման «խոնարհ կեցվածքը» չի բավարարել արևմտյան տիկնիկավարներին, և հունիսի 23-ին The Financial Times բրիտանական հրատարակությունը հրապարակել է ծավալուն նյութ, որտեղ ասվում է, որ 2022 թվականից ի վեր Սերբիայի կողմից արտահանվող 800 մլն. դոլարի զենքը կարող է հայտնվել Ուկրաինայում, և դա անուղղակիորեն հաստատել է ինքը՝ Վուչիչը։
Բացի այդ, արևմտյան մի դիվանագետ, որի անունը չի նշվում, հրատարակությանն ասել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները երկար ժամանակ աշխատում են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից հեռացնելու ուղղությամբ: Նրա խոսքով դա հնարավոր է եղել Բելգրադում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի ջանքերի շնորհիվ, ով երկիր է ժամանել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց։ «Բոլորն ակնկալում էին, որ Հիլլը վիճելու է Վուչիչի հետ, բայց նրա միակ նպատակը Բելգրադը Մոսկվայից հեռացնելն էր: Նրան հաջողվեց։ Վուչիչը երկար տարիներ չի հանդիպել և նույնիսկ չի զանգահարել Պուտինին։ Եվ, իհարկե, հարց է ծագում զենքի մատակարարման մասին, որն ի վերջո հայտնվում է Ուկրաինայում»,- ասել է հրատարակության զրուցակիցը։
Այս ամենից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է «այդ թեմայով զբաղվել սերբ ընկերների հետ շփումներում»։ Բայց Ալեքսանդր Վուչիչը հստակ որոշել է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Նույն օրը երեկոյան նա ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է, որ երկիրը կնքված պայմանագրերին համապատասխան զբաղվում է ռազմական արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ։ Նրա խոսքով Բելգրադը արդարանալու ոչինչ չունի, Սերբիան զենքի մատակարարման պայմանագրեր ունի միայն երեք երկրների՝ Ադրբեջանի, Կիպրոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Վուչիչը նաև ասել է, որ արևմտյան և տարածաշրջանային լրատվամիջոցներում Ուկրաինային սերբական զենքի մատակարարումների թեմայի խթանումը «նպատակ ունի բարդացնել սերբ-ռուսական հարաբերությունները»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը