Հայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը Բաքվին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍահմանամերձ Տիգրանաշեն գյուղի բացակայությունն այն բնակավայրերի ցանկում, որտեղ Հայաստանի իշխանությունները միջոցներ կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից վերաբնակիչներին նոր բնակարանների կառուցման համար, նշան է, որ Փաշինյանի կառավարությունը սկսել է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, գրում է rossaprimavera.ru-ն։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է այն 390 բնակավայրերի ցանկը, որտեղ 4-5 մլն դրամ կտրամադրվի արցախցիներին տուն կառուցելու կամ գնելու համար։
Նա նշել է, որ ցուցակում չկա Տիգրանաշեն բնակավայրը, որը խորհրդային տարիներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին Հայաստանի հյուսիսը և հարավը կապող հանրապետական մայրուղու վրա։
«Ցուցակում ներառված են սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։ Ակնհայտ է, որ այդ որոշմամբ իշխանությունները սկսում են Տիգրանաշենի հանձնման գործընթացը»,- գրել է Առաքելյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը