Bloomberg. ԵՄ-ն ցանկանում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանական գազով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպան Կիևի հետ քննարկում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու տարբերակները ռուսական մատակարարումները ադրբեջանականով փոխարինելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին, գրում է svoboda.org-ը։
Ուկրաինական տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին։ Կիևը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի հետ։ Միաժամանակ, ուկրաինական «Naftogaz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Չերնիշովը հայտնել է, որ Ուկրաինան ունի տարանցման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որոնք պետք է օգտագործվեն։ Երկիրը, որը կշահի ադրբեջանական գազի մատակարարումներից Եվրոպա, կլինի Սլովակիան, նշել է Bloomberg-ը։ Գործակալությունը հիշեցրել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նման տարանցման հնարավորության մասին խոսել է դեռ մայիսին Բաքու կատարած այցից հետո։ Նրա խոսքով, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա Բրատիսլավան կկարողանա գազ ներկրել Ադրբեջանից, դրա մի մասը պահել իր համար, իսկ մնացածն ուղարկել այլ երկրներ։
Ռուսաստանի համար նման պլանը օգտակար կլինի, եթե տարանցումը կազմակերպվի փոխանակման տեսքով։ Այդ դեպքում Մոսկվան իր վառելիքը կուղարկի այլ երկրներ։ Ռուսական գազը ադրբեջանական գազով հնարավոր փոխարինելու մասին որոշումը կարող է ընդունվել մինչև տարեվերջ։ Համաձայնագրի վրա կարող է ազդել նաև ուկրաինական մարտադաշտում տիրող իրավիճակը։
Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման հնգամյա պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին, ներկայումս այդ գազի հիմնական գնորդները շարունակում են մնալ Սլովակիան և Ավստրիան։ Բայց Ուկրաինան կտրականապես հրաժարվել է «Գազպրոմի» հետ պայմանագրից միաժամանակ հայտարարելով, որ եվրոպական ընկերությունները կարող են հզորություններ վարձակալել Ուկրաինայից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը