ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամրջի շահագործումը հունիսի 13-ի երեկոյան վերսկսվել է։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։

Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով: Նա նշել է, որ աղետի գոտու խնդիրները ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և առաջիկայում հստակ ծրագրեր կառաջարվեն։

Մարզի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Քարկոփի ջրագիծը վերականգնվել է, սակայն ջրամատակարարումը կիրականացվի կոյուղագծերի մաքրման վերջնական աշխատանքներից հետո։

Քարկոփի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել հետիոտնային կամրջի՝ արագ կերպով վերականգնման, ինչպես նաև աղետի առաջին իսկ օրից աջակցության լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

Նշվում է, որ Ախթալա բնակավայրում՝ կամրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:

Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular