ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր լուր՝ առաջին դասարանցիների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե՝

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում.

հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է.

հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular