ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդի գումարները և ինչո՞ւ չեն տրամադրվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սեպտեմբերից տեղահանված ու Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում ապաստանած արցախցիները բացի պետության կողմից տրամադրվող ամենամսյա 50 հազար դրամ աջակցությունից, որևէ այլ փոխհատուցում չեն ստանում։ 

Կառավարությունը մի քանի անգամ խոսել է բնակապահովման ծրագրից, որի շահառու կարող են դառնալ բոլոր տեղահանվածները։ Պայմանը, սակայն, մեկն է․ գումարների սերտիֆիկատները տրամադրվում են միայն նշված, այս դեպքում՝ հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։

Բռնի տեղահանված արցախցիների սոցիալական հոգսը թեթևացնելու համար կուտակային կենսաթոշակների մասին Արցախի Հանրապետության համապատասխան օրենքում լրացում է կատարվել։ Սահմանվել է, որ արտակարգ, տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ քաղաքացիները կարող են իրենք տնօրինել կենսաթոշակային ֆոնդում առկա իրենց հասանելիք գումարը։ 

ՀՀ կառավարությունը, սակայն, օրենքի նոր նախագիծ է մշակել, որով, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, այդ գումարները կտեղափոխվի Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգ։ Թեմայի շուրջ MediaHub-ին իր մտահոգությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«ՀՀ կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունն այդ գումարների վերադարձման համար նոր խոչընդոտներ է ստեղծել, որը կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն արցախցիներին հետ վերադարձնելու հնարավորություն չի տալիս։ Առանց բարդ տերմինաբանության բացատրեմ․ սահմանվում է, որ արցախցիների կուտակած գումարները, որոնք կուտակվում էին Հայաստանում գրանցված ներդրումային ֆոնդում, եռամսյա ժամկետում արցախցիները պետք է դիմեն տեղափոխելու Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում գործող այլ ֆոնդ, իսկ եթե այդ ժամանակահատվածում չեն դիմում, ապա պրոցեսը կատարվում է ինքնաբերաբար, օրենքի ուժով»,- նշեց Ստեփանյանը։ 

Արցախի ՄԻՊ-ն այն կարծիքին է, որ օրենքի այդ նախագծով չի ապահովվում անձի որոշելու և ընտրելու իրավունքը, և տեղի է ունենում սեփականության իրավունքի սահմանափակում։ Անձը զրկվում է իր գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից։ Բացի այդ, առաջարկվող օրենքի նախագծում հակասությունները շատ են։ 

«Հատուկ նշված է ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց մասով և հատուկ նշված է հիմնավորման մեջ, որ «Լեռնային Ղարաբաղի կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակված և ՀՀ ներդրումային ֆոնդում գտնվող գումարներն է, որ տեղափոխվելու են ՀՀ կուտակային համակարգում գործող ֆոնդեր»։ Եթե զուտ իրավաբանական մեկնաբանություն տանք նախագծին, ապա ապսուրդային է ստացվում․ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգը, որևէ տեղ չեք հանդիպի այնպիսի փաստաթուղթ, որի անունը լինի «Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգ», լինելու է «Արցախի հանրապետության կենսաթոշակային կուտակային համակարգ»»։ 

Ստեփանայանը նաև նշեց, որ խոսքը մոտ 17 միլիարդ դրամի և շուրջ 35 հազար շահառուի մասին է։ Տեղահանվածների կարծիքը, սակայն, հաշվի չեն առել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողներից ոչ մեկը։ Կառավարության առաջարկած օրենքի այս նախագիծը նորից պետք է քննարկման ու քվեարկության դրվի ՀՀ խորհրդարանում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular