Ժամանակավոր լուծում ենք գտել, բենզինի, դիզվառելիքի խնդիր չի լինի․ Պապոյանը՝ երկաթուղու վնասման պայմաններում վառելիք ներմուծելու մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀեղեղումների հետևանքով երկաթուղու վնասման պայմաններում Հայաստան վառելիք հասցնելու համար ժամանակավոր լուծում կտրվի, երկրում բենզինի, դիզվառելիքի խնդիր չի լինի: Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երկաթգծի վնասման տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին:
«Երկաթգծի մասով ունենք խնդիր, որովհետև Հայաստան եկող բենզինն ու դիզվառելիքը գալիս են երկաթուղու միջոցով: Ըստ էության, բենզինն ու դիզվառելիքը մինչև Այրում կայարան կգան, երկաթուղին դրանից հետո է վնասված: Մենք ժամանակավոր լուծում ենք գտել: Այրում կայարանի հարևանությամբ մի կամուրջ կա, որը կծառայեցվի բեռնատար մեքենաներով փոխադրումներ իրականացնելուն: Բենզինն ու դիզվառելիքն Այրում կայարանում կբեռնաթափվեն, էկոնոմիկայի նախարարությունը նմուշառումն ու լաբորատոր ստուգումը տեղում կկազմակերպի: Դրանից հետո արդեն վառելիքը բեռնատար մեքենաներով կտեղափոխվի համապատասխան վայրեր»,–ասաց նախարարը:
Նախարարը հայտնեց, որ հանդիպում է ունեցել Հայաստան վառելիք ներմուծող բոլոր ընկերությունների հետ, քննարկել ու եկել են այս լուծմանը: Իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ, ծախսի ավելացում է եղել, սակայն, նախարարը վստահեցրեց, որ ֆունդամենտալ առումով խնդիր չկա ու չի լինի:
«Հայաստանում բենզին, դիզվառելիք եղել է, կա ու կլինի»,–հավաստիացրեց Պապոյանը: