ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ լուր Արցախից տեղահանվածների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը  կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։

Ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց  բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։

«ԼՂ տեղահանված մեր հայրենակիցները կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն:  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար  պետք է  մոտենալ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,

– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,

– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափահասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2  ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։

Ծրագրի մանրամասները՝ հետևյալ հղումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular