Սահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մարդիկ արթնացել և անակնկալի են եկել, սահմանազատման սյուներ են տեղադրվել Կիրանցում»,- այս մասին MediaHub-ին ասաց Կարեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այգին անհրաժեշտ փաստաթղթերով պատկանում է Կիրանց գյուղի բնակիչ Մհեր Ավալյանին։
«Տեղադրված սյուները նրա տնից հեռու են մոտ 15-20 մետր։ Այնտեղ հիմա ԱԱԾ զինված ու դիմակավորված ծառայողներն են կանգնած, յուրաքանչյուր սյունի մոտ՝ 3 ծառայող»,- ասաց նա։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև գյուղացիների տրամադրությունների մասին։ Նա ասաց, որ աննկարագրելի ահավոր վիճակ է։ Կիրանցը կդառնա Հայաստանի այն բնակավայրը, որն ամենամոտը կլինի ադրբեջանցի ծառայողներին, իսկ նրանց ներկայությունից գյուղը կկորցնի իր կենսունակությունը։
«Այս պահին բոլորը, նաև հարևան բնակավայրերից, հավաքվել ու սպասում ենք Բագրատ Սրբազանին»,- հավելեց Կարեն Ղազարյանը։
Հիշեցնենք, Բագրատ Սրբազանն այսօր առավոտյան ուղևորվեց Կիրանց:
Հունան Թադևոսյան