ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում դասապրոցեսն անհանգիստ է ընթանում, կամ էլ կազմակերպել չի հաջողվում՝ դասադուլ ու գործադուլ է։ Պատճառն այն է, որ մարզպետի որոշմամբ` աշխատանքից ազատում են դպրոցի տնօրենին։

1or.am-ի հավաստի տեղեկություններով՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանը սիրված չէ մարզպետարանի կողմից, հավաքներին չի մասնակցում, կուսակցական չէ, ՔՊ կուսակցության անդամ դառնալ էլ, չնայած մի քանի անգամ արված առաջարկներին, մերժել է։

Տնօրենին աշխատանքից հեռացրել են 2-րդ նկատողություն տալու հիմքով։

1or.am-ի աղբյուրը պատմում է, որ առաջին նկատողությունը Մկրտչյանը ստացել է այս տարվա հունվար ամսին: Սուրբ Զատիկի օրը՝ հունվարի 5-ին, գյուղում հոսանք չի եղել, դպրոցում էլ՝ ջեռուցում, աշխատակիցները դպրոցում չեն եղել, մարզպետարանից այց են կատարել դպրոց և արձանագրել, որ տնօրենը և մի քանի աշխատակից դպրոցում չեն, թեև աշխատանքային ժամ է եղել։ Բոլորն էլ ստացել են նկատողություն և հետագայում այն չեն բողոքարկել. տնօրենը և մյուս աշխատակիցները մտածել են, որ պետք չէ լարվածություն ստեղծել, որոշել են լռել։

Երկրորդ նկատողությունը ևս տրվել է դպրոցում չլինելու հիմքով՝ երկուշաբթի օրը, ժամը 16։45-ին։ Աշխատակիցների խոսքով` Մկրտչյանն այցելել է վերջին զանգի փորձի ժամանակ ոտքը վնասած աշակերտներից մեկին, այդ ժամանակ էլի այց է կատարվել և տնօրենը դպրոցում չի եղել։ Հատկանշական է, որ մարզպետարանի համար անցանկալի տնօրենը որևէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցների` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցությունը, վստահեցնում են, որ չի էլ աջակցում, դպրոցում երբեք քաղաքական թեմաներով չի զրուցում։

Ծնողները պնդում են, որ լավ է աշխատում, 7 տարի է պաշտոնավարում է որպես տնօրեն, և այս ընթացքում ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել, թե՛ դպրոցի ներսում, թե՛ դրանից դուրս։

1or.am-ը փորձեց կապ հաստատել նաև տնօրեն Լուսինե Մկրտչյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան, իսկ մարզպետարանից, ըստ էության, հաստատում են 1or.am-ի տեղեկությունները․ «Նկատողությունը տնօրենը ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։ Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը»։

Ուսուցիչները, աշակերտները, ծնողները ոտքի են կանգնել` ի պաշտպանություն տնօրենի։ Ասում են՝ դասադուլն ու գործադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև տնօրենի նկատմամբ «քաղաքական նկատառումներով, անօրինական հիմքով նկատողությունը մարզպետը չեղյալ համարի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular