Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակը հարձակման նոր ալիք է սկսել Խարկովի մարզում։
Զելենսկին ասել է, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել Խարկովի մարզ։ Նա պնդել է, որ ուկրաինական բանակը հակահարված է տալիս օկուպանտներին։
«Մենք հասկանում ենք օկուպանտների թիվը, տեսնում ենք նրանց մտադրությունները, մեր զինվորները, մեր անօդաչու թռչող սարքերը պատասխան հարվածներ են հասցնում օկուպանտին։
Մենք լրացուցիչ ուժեր ենք ավելացնում Խարկովի ուղղությամբ։ Ե՛վ մեր պետական սահմանի երկայնքով, և՛ առաջնագծի ողջ երկայնքով մենք կոչնչացնենք օկուպանտին այնպես, որ խափանենք Ռուսաստանի ցանկացած հարձակողական մտադրություն»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, ռուսական զինված ուժերը գրավել են Խարկովի մարզում սահմանամերձ չորս գյուղ։ Խոսքը Ստրելեչայա, Կրասնոյե, Պիլնայա և Բորիսովկա բնակավայրերի մասին է։ Ենթադրվում է նաև, որ ռուս զինվորականները փորձում են առաջ շարժվել Վոլչանսկի ուղղությամբ։