Կրականետ ռոբոտ շուն է վաճառքի հանվել և ցնցել համացանցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThrowflame-ը՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտնվող կրականետեր արտադրող ընկերությունը, վերջերս ներկայացրել է հեռակառավարվող ռոբոտ-շուն, որի մեջքին տեղադրված է ֆունկցիոնալ կրականետ: Այս մասին ասվում է ընկերության կայքում, գրում է tsn.ua-ն։
Տերմինատորը բոց նետող շուն է, որը հագեցած է 9 մետր հեռահարությամբ կրականետով և կարող է օգտագործվել տարբեր խնդիրների համար, ներառյալ՝ անտառային հրդեհների դեմ պայքարը, ոչ պիտանի ցախը այրելը, ձյունը և սառույցը մաքրելը և հատուկ էֆեկտներ ստեղծելը:
Այդ հակասական ռոբոտ-շունը, որը համարվում է «ձեր կրակելու ամենաուժեղ ուղեկիցը», ունի Wi-Fi և Bluetooth սմարթֆոնի միջոցով հեռակառավարման համար, ինչպես նաև շրջակա միջավայրի քարտեզագրման և խոչընդոտներից խուսափելու սենսոր, լազերային նշանառություն և ներկառուցված տեսախցիկ օնլայն դիտարկման համար: Այն կարելի է գնել 9420 դոլարով։
Վերջերս հրատարակված մարքեթինգային տեսահոլովակում երևում է, որ Տերմինատորը ճամփորդում է ձնառատ և տերևապատ լանդշաֆտներով և կրակ է արձակում, որը ուղեկցվում է միջուկային ֆիզիկոս Ռոբերտ Օփենհայմերի հայտնի դարձած արտահայտությամբ. «ես մահ եմ դարձել, աշխարհների կործանիչ»:
ԱՄՆ-ի հարավային նահանգներում կրականետերի օգտագործման հարցերը հատուկ կարգավորված չեն: Դրանք չեն համարվում հրազեն, թեև արտադրանքի օգտագործման նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության և քրեական օրենսդրության դրույթներ: Մերիլենդում լիցենզիա է պահանջվում կրականետեր ունենալու և օգտագործելու համար, իսկ Կալիֆորնիայում դրանք կարող են ունենալ առավելագույնը 10 ֆուտ հեռահարություն, որի առթիվ Throwflame-ն արդեն հայտարարել է, որ Կալիֆորնիային ռոբոտ-շներ կմատակարարվեն նահանգի կանոնակարգերին համապատասխան:
Դատելով YouTube-ի ալիքի և սոցցանցերի մեկնաբանություններից՝ նման ռոբոտի մասին մարդկանց կարծիքները բաժանվում են։ Ոմանք դա անվանում են երազանքի խաղալիք, իսկ մյուսներն արդեն ենթադրում են մի շարք վթարներ և խնդիրներ։