Մտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն իրավիճակներում, երբ պետությունն իր գործառույթները չի կարողանում լիարժեք կատարել, ստեղծվում է ինստիտուցիոնալ ճգնաժամ: Այդ ժամանակ, որպես ինստիտուտ, եկեղեցին որոշ գործառույթներ միշտ էլ իր վրա է վերցրել, թեկուզ ժամանակավոր, հետագայում դրանք նորից պետությանը փոխանցելու մտադրությամբ, սակայն միայն այն ժամանակ, երբ պետությունն իր մեջքն ուղղած կլինի։ Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, դոցենտ` Միքայել Մալխասյանը։
Մասնագետի գնահատմամբ՝ եկեղեցու դերը բացառիկ է եղել նաև առաջին հանրապետության կայացման գործում, ինչն էլ հիմքն է ներկայիս Հայաստանի Հանրապետության։
«Առաջին հանրապետության ձևավորման շրջանում, որը գործում էր Արամ Մանուկյանի առաջնորդությամբ, այնուամենայնիվ, կար որոշակի համախմբման, կոնսոլիդացիայի խնդիր։ Որքան էլ Արամ Մանուկյանը մեծ հեղինակություն և հարգանք վայելեր, այնուամենայնիվ արևելահայ և արևմտահայ տարբեր սեգմենտներ կային. Թիֆլիսն ընկալվում էր որպես արևելահայության քաղաքական կենտրոն, Երևանում՝ արևմտահայերն էին գերակշռում։ Նման պարագայում կառավարման ճգնաժամ առաջացավ, ռազմաճակատը տեղաշարժվում էր դեպի Հայաստանի խորք՝ ավելի արևելեք։ Այդ պայմաններում քաղաքական ղեկավարությունը վճռականություն չէր դրսևորում ճակատամարտերի հարցում՝ Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա։ Այստեղ քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց միայն եկեղեցու որոշումից հետո։ Այսինքն՝ քաղաքական էլիտան նահանջի տարբերակներ էր մտածում, նույնիսկ կաթողիկոս Գևորգ 5-րդին էին հորդորում, որպեսզի նա հեռանա Մայր Աթոռից, բայց եղավ հակառակը։ Նա հրաժարվեց՝ ռազմաճակատ ուղարկելով մահապարտների առաջին ջոկատը՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ։ Նրանք հիմնականում կուսակրոն հոգևորականներ էին և մեկնում էին ռազմաճակատ, որպես մահապարտ։ Այդպես հոգեբանական բեկում մտցվեց։ Պետության ձևավորման այդ վաղ փուլում կաթողիկոսի քայլը սթափեցրեց պետական այրերին և եղավ սպասվող հաջողությունը՝ բազմաթիվ նահանջողներ հետ վերադարձան և մարտերում բեկում մտցվեց, որն էլ հիմք դարձավ Արևելյան Հայաստանի գոյության և հայոց պետականության համար։ Մոտ երկու ամիս անց հռչակվեց հանրապետությունը և թուրքական կայսրությունը ստիպված եղավ ճանաչել այդ պետությունը», - ներկայացրեց պատմաբանը՝ նշելով, որ սա եկեղեցու դերի ամենավառ օրինակներից է նաև իր ադրյունքներով։
Ուղիղ հարցին, թե այդ ժամանակ կարելի՞ էր ասել, որ եկեղեցին իշխանության է ձգտում, փորձում է կրոնապետություն ստեղծել, Մալխասյանը պատասխանեց․ «Խելագարություն կլիներ մեղադրել Գևորգ 5-րդին կամ առաջնորդությունը ստանձնած Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին, թե իբր նրանք իշխանության են ձգտում։
Արքեպիսկոպոսն այդ ճակատամարտերից հետո գնացել էր ԵՊՀ-ի ստեղծման գործով զբաղվելու, հետո էլ առաջին դասախոսներից մեկն էր։ Նրանք հավատարիմ էին դպրությանը, լուսավորության գործին։ Մտածել, որ նրանք հավակնում էին Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն էր»։
Դոցենտի գնահատմամբ՝ այն ժամանակ, բացի եկեղեցուց, երկրի ճգնաժամային իրավիճակում չկար մի ինստիտուտ, որ համահայկական նշանակություն կունենար երկրի համար։ Եվ եկեղեցին այդ գործառույթներն իրականացրեց, քանի որ ուներ ղեկավար, որի հեղինակությունը անվիճարկելի էր համարվում բոլորի կողմից։
«Մինչև 1920 թվականը հայկական բնակավայրերի կորիզը եղել է եկեղեցին, նրա շուրջ էր այդ համայնքը ձևավորվում։ Ճակատամարտերից առաջ մինչև կանոնավոր զորքերի ժամանելն ամեն գյուղ իր քահանայի հետ միասին դիմադրություն էին սկսում։ Եթե այդ գյուղերի քահանաներն ասեին, որ դա իրենց գործը չէ, պետք է աղ օրհնեն կամ մկրտություն անեն, այդ գյուղերը չէին լինի, ռազմաճակատը կփլվեր և այսօր էլ այդ մեծ-մեծ խոսացողները չէին լինի, ովքեր հիմա քահանաներին մատաղ անելու խորհուրդներ են տալիս»,- 1or.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց պատմաբան Մալխասյանը։